Հոկտեմբերի 25-ին տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել Տավուշի մարզի պտղատու այգիներին: Մարզի տարբեր տարածաշրջաններում արքայանարնջի (կորոլյոկ), նռան ծառերի ճյուղերը ձյան հաստ շերտի ծանրության տակ կոտրվել են:
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանի առանձնատունը գտնվում է Նոյեմբերյան քաղաքի բարձունքում: Ս. Բեգլարյանը հայտնեց, որ իր տան այգում արքայանարնջի ճյուղերը թեքվել, կոտրվել են: Նա ստիպված է եղել ծառերի բերքի կեսը քաղել, չնայած արքայանարինջը դեռ չի հասել:
Սահմանամերձ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ գյուղի նռան եւ արքայանարնջի ծառերը տեղացած առատ ձյան պատճառով վնասվել են: Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ ինքը երկմտանքի մեջ է՝ հավաքե՞լ, թե՞ չհավաքել արքայանարնջի դեռեւս լիովին չհասունացած պտուղները, քանզի վախենում է, որ դրանք կցրտահարվեն:
Կարդացեք նաև
2016 թվականը Տավուշի մարզի գյուղատնտեսության համար վատ տարի էր: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարզում խաղողի, դեղձի բերքը նախորդ տարիների համեմատ քիչ եղավ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ