Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում ոստիկանին սեռական հայհոյանքներ տալու եւ հարվածելու վերաբերյալ գործով դատավճիռը բեկանվել է

Հոկտեմբեր 28,2016 22:33

Իջեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ալբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. սեպտեմբերի 25-ին ոստիկանության Իջեւանի բաժնի ՊՊԾ գնդի ոստիկաններ Գեւորգ Բայրամյանի, Դավիթ Խաչատրյանի, Սարգիս Հարությունյանի կողմից Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում ծառայություն իրականացնելու ժամանակ, նույն փողոցում գտնվող խանութի մոտ, ժամը 22.30-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում մոտեցել է նրանց եւ այդ ժամանակ ծառայություն իրականացնող Գեւորգ Բայրամյանի հանդեպ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, վերջինիս ծառայության ժամանակահատվածի հետ կապված ծաղրական հարցեր տվել նրան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ այնուհետեւ Ա. Գրիգորյանը ծառայություն իրականացնող Դ. Խաչատրյանի, Ս. Հարությունյանի եւ Գ. Բայրամյանի կողմից իրեն կարգի հրավիրելու օրինական պահանջին իր պատասխան վերջինիս հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Ա. Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել սկզբում կալանքը, ապա 1 միլիոն դրամ գրավը:

Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը հետազոտելով գործի ապացույցները, հանգել է այն համոզմունքին, որ Ա. Գրիգորյանի փաստական գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 316 հոդվածի 1-ին մասի, այլ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի («Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»), հատկանիշներին:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք  համարել է այն, որ նա խնամքին ունի մինչեւ 14 տարեկան երեխա: Դատարանը որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք  հաշվի է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

2016թ. մայիսի 5-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ալբերտ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ նրան դատապարտել 500 հազար դրամ տուգանքի:

Տուժող Գեւորգ Բայրամյանի ներկայացուցիչը 2016թ. հունիսի 8-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել վերոհիշյալ դատավճռի դեմ:

Քրեական գործերով վերաքննիչ դատարանը քննության առնելով քրեական գործի ապացույցները, արձանագրել է, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն չի կատարել տուժողի եւ վկաների ցուցմունքները, ինչի արդյունքում ամբաստանյալ Ա. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով մեղադրանքը վերաորակավորելով ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանգել է սխալ հետեւության: 2016թ. հուլիսի 25-ին վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) որոշել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. մայիսի 5-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Քրեական գործը սեպտեմբերի 16-ին ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31