Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռի 10 հազար դրամանոց տոմսի օգուտն ու վնասը

Հոկտեմբեր 28,2016 20:44

Ինչպես հայտնի է՝ «Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի վերջերից Գյումրու «Շիրակ» օդակայանից թռիչքներ է իրականացնելու դեպի Մոսկվա, տոմսի արժեքը սկսվելու է 10 հազար դրամից։ Գյումրեցիների վերաբերմունքն այս հարցի շուրջ հակասական է․ մի մասը, հատկապես պաշտոնյաները, շատ ոգևորված են, որ վերջապես իրենց քաղաքի «գյոզալական» օդանավակայանն էլ են գործարկում, շատերն էլ պարզապես չեն հավատում, որ 10 հազար դրամով կարելի է Մոսկվա հասնել։

Գյումրեցիների մի շրջանակ էլ կա, որոնց մոտ այն մտահոգությունն է, թե տոմսի արժեքը տաս հազար դրամ սահմանելու դեպքում կավելանա արտահոսքը դեպի Մոսկվա։ Նկատենք, որ Գյումրիից առանց այն էլ բավական մեծ է արտահոսքը, չկա մի օր, որ քաղաքի կենտրոնական հատվածներից երեկոյան ժամը 18․00-ից սկսած բեռնավորված միկրոավտոբուսներն ու ավտոբուսները չշարժվեն դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ։

Հրապարակախոս Համլետ Մոսինյանի կարծիքով, 10 հազար դրամը արտահոսքի վրա բացարձակապես չի կարող ազդել։ «Այդ 10 հազար դրամը հո չի՞ օգնելու, վերջը մարդը, որ ճամփա է գնում, գրպանում փող պիտի ունենա չէ՞, լավ ասենք թե 10 հազար դրամը վերցրեցին, թռան Ռուսաստան, ո՞նց պիտի ապրեն սկզբնական շրջանում․․․ Ես կարծում եմ, որ 10 դրամը խայծ կլինի, դե բիզնես է, մարդ են գրավում, 10 հազար դրամանոց տոմսերը իրականում կլինեն խիստ սահմանափակ՝ 1-2 հատ, ընդ որում ինքնաթիռի ամենաաղմկոտ, անհարմար ու վատ տեղերում, օրինակ՝ պոչի տեղերում կամ 10 հազար դրամը կգործի երեխաների թռիչքի դեպքում։ Մնացածը կլինեն սովորական նորմալ գնի տոմսեր։ Նման գին սահմանելով՝ հոգեբանորեն ազդում են մարդու վրա, դե աղքատ տեղ է․․․

Ես մտածում եմ, որ արդեն խելքի են եկել, հասկանում են, որ Գյումրու օդանավակայանը չպետք է փակվի։ Իրենք հստակ հաշվարկ են կատարել՝ եթե մարդը մի քանի հազար դրամով, ասենք 18-20-25 հազար դրամով գազելներով է գնում Ռուսաստան՝ ճանապարհներին չարչարվելով, հիմա մի քիչ էժան կամ հենց նույն գնով կգնա, ավելի շուտ կհասնի, բայց, էլի եմ կրկնում, գնացողների թիվը չի փոխվի, դա էական նշանակություն չի ունենա արտագաղթի վրա։

Միայն կասեմ, որ օդանավակայանի գործարկումը մեր քաղաքին աննշան կօգնի, քանի որ հյուսիսում միակն է մեր օդանավակայանը, Լոռու մարզից, Ջավախքից կգան Գյումրիից կթռնեն, ինքնըստինքյան կշահեն տաքսիստները, տրանսպորտը կաշխատի, կավելանան ծառայությունները, սպասարկում, խանութ, սրճարան․․ Ասելս այն է, որ միայն օդանավակայանի աշխատողները չեն շահի, նոր աշխատեղեր կբացվեն, իսկ դա քիչ բան չէ մեր քաղաքի համար։ Ճիշտ կանեն մի քանի չվերթներ ուղղակի տեղափոխեն Գյումրի, սա իրենով ինչ-որ չափով կկենդանացնի քաղաքը։ Ինչո՞ւ միայն Մոսկվա, Միջին Ասիայի թռիչքներն էլ թող այստեղից կազմակերպեն, այնտեղ էլ մեծ թվով հայեր կան, Գյումրիի ռազմաբազայի աշխատակիցներն էլ կօգտվեն, Միջին Ասիայից էլ մեծ թվով զինվորականներ կան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31