«Ամեն ինչ պարզ է, ինչպես բոլոր այլ քանդումները, որոնք այսքան տարի տեսնում ենք, այստեղ քաղաքաշինական բոլոր որոշներում ինչ-որ մեկի ուղղակի շահն է որոշիչ դեր խաղում: Վաղուց տեսնում ենք, որ շատ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որտեղ այլ փաստարկներ, գործոններ կազդեն նրա վրա, թե՛ ինչ-որ բան կկառուցվի, թե՛ չի կառուցվի, կքանդվի, թե՝ ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ Մանե Թամանյանն առաջին տպարանի շենքի քանդման մասին:
Մանե Թամանյանի խոսքերով՝ այդ շենքի քանդելն էլ սպասելի էր, քանի որ մինչ օրս բազմաթիվ հին ու պատմություն ունեցող շենքեր են քանդվել. «Ցավոք, շատ դժվար է պատկերացնել պայքարը դրա դեմ, համակարգի դեմ, որտեղ ինչ-որ մեկի շահն է առաջնային, այնպես, ինչպես բոլոր ոլորտներում: Երբ ամբողջ համակարգը չի աշխատում, եւ աշխատում է սխալ դրդապատճառներով, մենք շարունակելու ենք տեսնել, այն ինչ տեսնում ենք ներկայումս»:
Առաջին տպարանի շենքի ճարտարապետներից է Ալեքսանդր Թամանյանը, շենքը կառուցվել է 1920-ական թվականներին: Այս շենքն ընդգրկած չէ պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների պետական ցանկում:
Կարդացեք նաև
Մանե Թամանյանի դիտարկմամբ՝ որեւէ նշանակություն չունի, որ քանդվող շենքը Թամանյանի նախագիծն է, հայտնի կամ անհայտի գործ է. «Կապ չունի՝ ում գործն է, ուղղակի սա եւս մի վերք է մեր քաղաքում: Ես չեմ կարող ասել, որ երբ տեսնում եմ Թամանյանի շենքն է քանդվում՝ ավելի ցավ եմ ապրում, քան երբ տեսնում եմ, որ ավելի վաղ շրջանի, կամ ուշ շրջանի, կամ մեկ ուրիշի նախագծած շենքն է քանդվում, կամ այլանդակվում: Չեմ կարող ասել, որ առանձնահատուկ, տարբեր էմոցիոնալ արձագանք ունեմ, երբ նման բան եմ տեսնում: Պարզապես, սա եւս մի վերք է, մի ցավ, մի ոչնչացված հիշողություն, եւ ոչնչացված մշակութային մի կտոր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ