Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղը սահմանակից է Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանական գյուղերին: Դեբեդավանում բնակվում են Ադրբեջանի Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղից, Կուտկաշենի եւ Խանլարի շրջաններից 1988թ.-ին վերաբնակվածները:
Համայնքների խոշորացման արդյունքում Դեբեդավանն այժմ Այրում համայնքի մաս է կազմում: Դեբեդավանի ամենամեծ հիմնահարցը եղել ու մնում է խմելու ջրի բացակայությունը: 798 բնակիչ ունեցող Դեբեդավանը գյուղամեջում գտնվող աղբյուրի հույսին է, աղբյուրի մոտ միշտ հերթեր են գոյանում:
Դեբեդավան համայնքի նախկին ղեկավար Վանա Դամիրչյանն ասաց, որ արտեզյան հորից երկու օրը մեկ գյուղի առանձնատներ ջուր է մատակարարվում, սակայն այն խմելու պիտանի չէ, տեխնիկական է, օգտագործվում է տնային կարիքների համար: Նա հայտնեց, որ խմելու ջրի խնդիրը լուծելու համար բազմիցս դիմել են իշխանության տարբեր ատյաններ: Ստեփանավանից ձգվող խմելու ջրագիծը ներկայումս միացվում է Պտղավան եւ Բագրատաշեն գյուղերին: Վ. Դամիրչյանն ասաց, որ այս տարվա ընթացքում այդ գյուղերը կօգտվեն Ստեփանավանի ջրագծից, որից հետո այդ ջրատարը կհասցվի Դեբեդավան, դեբեդավանցիները եւս կօգտվեն սարերում բխող որակյալ ջրից:
Դեբեդավանը 800 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր ունի, որից 380 հեկտարը՝ այգիներ եւ վարելահողեր: Գյուղը ցածրադիր տեղանքում է, ծովի մակերեւույթից բարձր է 375-400 մետր: Ամռանն այնտեղ շատ շոգ է, այգիներն ու ցանքատարածությունները ոռոգման ջրի խիստ կարիք են զգում: Սակայն ոռոգման ջուրը եւս խնդիր է: Գործում է Դեբեդ գետից սնուցվող ոռոգման ինքնահոս ջրագիծ, որը ոռոգում է 120 հեկտար տարածք:
Կարդացեք նաև
Վ. Դամիրչյանն ասաց, որ դրա միջոցով նշված տարածքները սեզոնի ընթացքում արդյունավետ ոռոգվում են: Գործում է նաեւ պոմպի միջոցով սնուցվող ոռոգման ջրատար, որի միջոցով եւս 120 հեկտար տարածք է ոռոգվում: Համայնքի նախկին ղեկավարի վկայությամբ ՝ այն 1960թ.-ին է գործարկվել, մաշված պոմպը հաճախ շարքից դուրս է գալիս, կեսդարյա հնության խողովակաշարի տարբեր հատվածներում պատռվածքներ են գոյանում, ջրի կորուստները մեծ են: Այդ պատճառով գյուղի այգիները ու ցանքատարածությունները, որոնք ամռան ընթացքում առնվազն 3-4 անգամ պետք է ոռոգվեին, 2 անգամ են ջրվել:
Դեբեդավանցիների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը խաղողի այգիներն են: Սակայն այս տարի բերքը քիչ է եղել, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղ է հանձնվել 700 տոննա խաղող: Գործարանը խաղողն ընդունել է շատ ցածր գնով՝ կիլոգրամը 110 դրամով: Մթերված խաղողի դիմաց դեբեդավանցիները գումար չեն ստացել, գործարանից խոստացել են մինչեւ տարեվերջ վճարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ