ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին և նրա հետ Ստեփանակերտ ժամանած ՀՀ Աժ պատգամավորներ Գագիկ Մելիքյանին ու Կարեն Բոթոյանին:
Ողջունելով գործընկերներին՝ ԱԺ ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով գործող համագործակցության մակարդակից և հանդիպումների հաճախականությունից:
«Մեր երկու խորհրդարանների միջև այս տարիների ընթացում հաստատվել են շատ ջերմ մարդկային և գործնական հարաբերություններ, ինչը, կարծում եմ, երկու խորհրդարանների համար էլ ամենադրական ամփոփումը պետք է համարել»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Արցախ կատարած յուրաքանչյուր այցելություն կարևոր առիթ է երկու խորհրդարարանների միջև փոխշահավետ շփումները զարգացնելու համար, հատկապես, հաշվի առնելով միջազգային հարթակներում Արցախի` ներգրավված լինելու խոչընդոտները:
Կարդացեք նաև
«Հայաստանի խորհրդարանական բոլոր պատվիրակությունների համար Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը գերակա խնդիր են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Խորհրդարանականներն, այնուհետև, քննարկել են տարածաշրջանին, աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև առաջիկա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
ՀՀ խորհրդարանականներն այցի շրջանակում կհանդիպեն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և կմասնակցեն մի շարք այլ միջոցառումների:
ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ