«Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենադի Կարապետյանը վստահեցնում է՝ երեկ Երեւանի կենտրոնում գտնվող 100 տարվա պատմություն ունեցող առաջին տպարանի շենքի քանդման շուրջ ստեղծված աղմուկը անտեղյակության արդյունք է:
Գենադի Կարապետյանը Aravot.am-ին ասաց, սկզբնական նախագծով խնդրել են այդ տարածքում շենք կառուցելու թույլտվություն, իսկ այդ տարածքում նախատեսված է լինել հյուրանոց. «Առաջարկություններ կային ամբողջ տպարանի շենքը քանդելու, բայց քանի, որ դա պատմամշակութային արժեք չէր ներկայացնում, բայց երեւանցիների համար հիշողություն առաջացնող շենք էր, մենք այդ շենքի հիմնական մասերը, որոնք գտնվում էին կենտրոնական փողոցների վրա, նախագծով նախատեսված չէր քանդել ու չի քանդվել, մնալու է նույն ձեւով: Քանդվել է ներս ընկած մասը, եւ քաղաքապետարանը մեզ թույլտվություն է տվել քանդելու համար, պայմանագիր ենք կնքել շինարարների հետ, որ շինարարական աշխատանքները կատարվեն, շինարարը գտել է, որ շրջապատում ամիսներով փոշի չլինի, աղմուկ չլինի, նպատակահարմար են գտել քանդել պայթեցման եղանակով:
Պայմանագիր եք կապել մի կազմակերպության հետ, որը Երեւանում նման բազմաթիվ աշխատանքներ է կատարել, օրինակ` կրկեսի առաջվա շենքն են պայթեցրել եւ այլն:
ԱԻՆ-ի հետ համաձայնեցրել են, տեղյակ են պահել: ԱԻՆ-ը քանդման ժամանակ զգուշացրել է շրջապատի բոլոր աշխատող կազմակերպություններին, բնակիչներին, ճանապարհային ոստիկանությանը, փակվել է ճանապարհը, տեղահանվել են մեքենաները, ներկա են եղել ոստիկանության ու ԱԻՆ-ի մոտ հիսուն աշխատակիցներ, տեղի է ունեցել քանդումը»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե տպարանի շենքը հարյուր տարվա պատմություն ուներ ու ինչպես եք դրա քանդմանը վերաբերում որպես երեւանցի, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Առաջին հերթին մեր մոտեցումը եղել է ոչ թե սեփականատիրոջ, բիզնեսի նկատառում, եղել է հիմնականում Երեւանի քաղաքացու մոտեցում ու ելնելով այդ մոտեցումից՝ ոչ թե ամբողջ շենքն ենք քանդել, այլ՝ ներս ընկած հատվածը: Կողքի շենքերը,, որոնք ինչ-որ ձեւով ճարտարապետական հետաքրքրություն են ներկայացնում, լրիվ մնում է նույնությամբ, առանց ձեռք տալու, առանց ձեւափոխելու: Ոչ թե բազմահարկ շենքեր ենք կառուցում, այլ թողնում ենք հինգհարկանի, իր չափով շենքը»:
Մեր դիտարկմանը, թե պատմամշակութային ոչ մի շինություն քանդելիս, երբեք էլ սեփականատերերը, կառուցապատողները չեն ասել, թե ամբողջությամբ քանդում են, ոչնչացնում կամ աղավաղում շինությունը, բայց այդպես էլ վարվում են, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Եկեք տեղում նայեք, ես բոլոր լրագրողներին ասել եմ՝ եկեք բոլորով հավաքվեք, եթե ինչ-որ առաջարկություն կունենաք եւ մեր քանդմանը դեմ կկանգնեք ու կասեք ՝մեծ սխալ է արվել, մենք պատրաստ ենք վերականգնել: Եթե ասեք, սարքեք վեց հարկանի, կսարքենք վեց հարկանի, կասեք՝ նպատակահարմար է քսան հարկը, կսարքենք քսան հարկ, մենք դեմ չենք այդ կարծիքներին: Ժողովուրդն առանց տեղյակ լինելու իրավիճակին, ասում են՝ պայթեցրել են, քանդել են, մենք չենք քանդել, մեջտեղի մի շենքն ենք քանդել, որը ոչ մի տեղից չի երեւում, հիմա այդ մեջտեղում կառուցում ենք նոր, գեղեցիկ շենք»:
Քանդված շինության տեղում երկու տարուց հետո կլինի եւս մեկ հյուրանոց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ