Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Իսաբեկյանը`գեղանկարչուհի մոր մասին. «Իր արվեստը մաքուր ու զուլալ էր, հնարովի ոչինչ չկար» (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 28,2016 18:07

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցադրված էին արվեստագետի ստեղծագործական տարբեր փուլերի գործեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ:

Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել:

Aravot.am-ի հետ զրույցում գեղանկարչուհու որդին, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը նշեց. «Ի՞նչ զգացողություն պետք է ունենա որդին մոր ցուցահանդեսի ու հարյուրամյակի առիթով, մի մարդ, որը երիտասարդ տարիքում հեռացել է կյանքից, ու բոլորը փաստում են, թե ինչ տաղանդավոր էր, ու ցավոք, իր հրաշալի արվեստն ընդհատվեց այն ժամանակ, երբ ինքը ստեղծագործական վերելքի վրա էր: Շատ ուրախ եմ եւ շնորհակալություն եմ հայտնում մշակույթի նախարարությանն ու Հայաստանի ազգային պատկերասրահին: Ոմանց կարող է թվալ, թե այս ցուցահանդեսն իմ նախաձեռնությունն է, սակայն ես ընդամենը օգնել եմ: Ուրախ եմ, որ Արփենիկ Նալբանդյանին հիշել են եւ ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպել, որովհետեւ ինքը շատ արժանի է, որ բոլորն իմանան իր մասին: Իր ուսանողները պաշտում էին իրեն եւ այսօր էլ մեծ ակնածանքով են հիշում: Իր արվեստը մաքուր ու զուլալ էր, հնարովի ոչինչ չկար, առանց այլեւայլությունների էր` եւ գույնով, եւ իմաստով»:

Մեր հարցին`որպես մարդ ի՞նչ է ժառանգել մորից, պարոն Իսաբեկյանը պատասխանեց. «Բարությունը, որ շատ անգամ ինձ խանգարում է»:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը Արփենիկ Նալբանդյանին բնորոշում է ոչ միայն որպես շքեղ նկարչուհի, այլեւ գեղեցիկ կին: «Ես ուսանող էի, երբ ինքը դասավանդում էր: Ցավոք, ինձ դաս չի տվել, բայց բոլորս ակնածանք ունեինք իր հանդեպ, նախ արտաքինով շատ գեղեցիկ կին էր, բացի այդ լսել էինք, որ լավ նկարչուհի է: Ցավալիորեն ինքը շուտ հեռացավ կյանքից, ինչը ամբողջ ուսանողության վիշտն էր դարձել: Իր նկարչությունը իր չքնաղ էության հետ շատ կապված էր: Մեծ վարպետ է, սովորել եւ աշխատել է մեծ վարպետների միջավայրում: Այն ժամանակ էլ լուրջ մրցակցություն կար, թեեւ նկարիչներն այդքան շատ չէին, բայց արվեստի կռիվ ու պատվախնդրություն կար: Արփենիկ Նալբանդյանը շատ շատերից առաջնակարգ նկարիչ է եւ այսօր էլ արդիական է`լինելով դասական մշակույթի կրող»:

Արփենիկ Նալբանդյանի հոբելյանական ցուցահանդեսը կտեւի մինչև դեկտեմբերի 28-ը:

8 7 6 5 4 3 2 9

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31