Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ նախազգուշացում՝ «Յանդեքս» տաքսի ծառայությանը. ՏՄՊՊՀ-ը հրապարակեց ուսումնասիրության արդյունքները

Հոկտեմբեր 28,2016 17:47

Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները: Հիշեցնենք, որ ընկերության մուտքը հայկական շուկա ուղեկցվեց տաքսի ծառայություն մատուցող տասնյակ ընկերությունների, ինչպես նաև անհատ տաքսու վարորդների դժգոհություններով, որոնք պնդում էին, որ «Յանդեքսը» աշխատում է օրենքի խախտումներով: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ՝ մամուլի հրապարակումների հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Պարզվել է, որ «Յանդեքսի» գործունեությունը պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր: Նկատի ունենալով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, ինչպես նաև այն, որ նախքան շուկային վնաս հասցնելը, ՏՄՊՊՀ-ի կողմից խնդիրը կանխվել է, որոշվեց «Յանդեքսի» հանդեպ կիրառել խիստ նախազգուշացում:

«Յանդեքսը» փորձել է դաշտում հաստատվել անարդար մրցակցային կանոններով

Հանձնաժողովի կողմից «Յանդեքսի» վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել են մի շարք այլ հանգամանքներ ևս, որոնք փաստում են, որ փորձ է արվել աշխատել ոչ արդար մրցակցային կանոններով՝ շրջանցելով օրենքը: ՏՄՊՊՀ-ը փաստում է, որ ընկերությունը դրսևորել է բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողի համար առավել քան տարօրինակ և անհասկանալի վարքագիծ: Խոսքը վերաբերում է մասնավորապես նրան, որ գործունեության մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլ նաև փաստացի աշխատել է վնասով՝ սեփական գրպանից անհարկի գումարներ վճարելով վարորդներին: Այսպես. պարզվել է, որ «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին, փաստացի կատարած յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Եթե, ասենք, 1 վարորդը օրվա ընթացքում իրականացնում էր 10 ուղևորափոխադրման պատվեր, ապա, անկախ այն բանից, թե որքան գումար է նա գանձել ուղևորներից, ընկերության գրասենյակից ստանում էր հավելյալ 4 հազար դրամ: Հանձնաժողովը կանխել է ընկերության նման գործելաոճը, քանի որ ՏՄՊՊՀ դիտարկմամբ, այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն: «Յանդեքսը» ընդունել է ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իր գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան

Հանձնաժողովի նիստում ներկա էր նաև ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության այլ ներկայացուցիչներ, որոնք համաձայնվեցին ՏՄՊՊՀ որոշման հետ, ընդունեցին առկա խնդիրներն ու պատրաստակամություն հայտնեցին սեղմ ժամկետներում շտկել խնդիրը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն էլ իր խոսքում նշեց, որ հետագայում ևս Հանձնաժողովը հետևողական է լինելու ընկերության գործունեության հանդեպ, որպեսզի դաշտում աշխատող բոլոր ընկերությունների համար գործեն հավասար մրցակցային պայմաններ:

Էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը ևս հայտնվել է ՏՄՊՊՀ դիտակետում

Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիրել է ոչ միայն «Յանդեքսի», այլ նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող մյուս տաքսի ծառայությունների վարքագիծը: Խոսքը վերաբերում է «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսօլայն», «Վիվա Գոլդ» ընկերություններին:

Հանձնաժողովի դիտարկմամբ, այս ընկերութունների գործունեությունը ևս ենթակա է լիցենզավորման, ինչից հետո միայն դրանք կարող են դաշտում գործող մյուս ընկերությունների հետ աշխատել նույն հավասար պայմաններով: Հակառակ դեպքում, հայտնվում են առավել մրցակցային իրավիճակում: Խնդիրն այն է, որ մյուս բոլոր տաքսի ծառայությունները վճարում են լիցենզավորման պարտադիր տուրք, որը կազմում է տարեկան 200 հազար դրամ, արտոնագրային վճար, ինչպես նաև վարորդների համար եկամտային հարկ: Արդյունքում, ի տարբերություն նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների «խնայում են» մի քանի հարյուր հազար դրամ, որը վերջիններին հնարավորություն է տալիս դաշտում աշխատել ավելի ցածր գնով: Տեղեկացնենք նաև, որ լիզենզավորման կարգի հետ կապված ՏՄՊՊՀ-ը պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

 

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31