Զագրեբում ընթացող Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին:
Իր խոսքում Արման Թաթոյանը հատուկ շեշտադրել է, որ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից մարդու իրավունքների հարցերում Արցախը պետք է ընդգրկված լինի բոլոր քննարկումներում: Այս առումով, հատկապես ընդգծվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը և մասնակցության կարևորությունը:
Այնուհետև, Արման Թաթոյանը, վերոնշյալի հետ կապված, առանձին առաջարկներ է ներկայացրել պլենար նիստի ընթացքում, որոնք արձանագրվել են կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից և նախատեսվել է դրանք քննարկել կազմակերպության 2017-2019 թվականների ռազմավարական ծրագրում:
Արման Թաթոյանի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով սահմանված կարգը, կատարել է քաղաքական բնույթի հայտարարություններ իբր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և ՄԱԿ-ի բանաձևերի մասին: Ա. Թաթոյանի արձագանքից հետո հանդիպումը վարողի՝ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղարի կողմից Ադրբեջանի ներկայացուցչի վարքագիծն արժանացել է դիտողության՝ նշելով, որ չի կարելի քաղաքականացնել մարդու իրավունքներին նվիրված միջոցառումները: Արդյունքում՝ Ադրբեջանի ներկայացուցչի փաստարկներն աջակցության չեն արժանացել:
Կարդացեք նաև
Վերը նշվածից բացի, գլխավոր վեհաժողովի աշխատանքների շրջանակում Արման Թաթոյանն ընդգրկվել է կազմակերպության ռազմավարական ծրագրի մշակման վերահսկող խմբի կազմում: Զագրեբ այցի շրջանակներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի, Սերբիայի, Ուկրաինայի օմբուդսմանների և միջազգային մի շարք այլ գործընկերներ հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ