ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի կազմակերպիչները՝ հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանում Լեհաստանի դեսպանի՝ Եժի Մարեկ Նովակովսկու տիկինը՝ Յադվիգա Նովակովսկան, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, Եվրիմաժ անիմացիոն մրցանակաբաշխության քարտուղար Ժան-Պոլ Կոման, ամերիկացի հանրահայտ ռեժիսոր, նկարիչ և անիմատոր Բիլ Փլիմփթոնը, ներկայացրեցին գալիք յոթ օրվա կարևորագույն պրեմիերաները, ծրագրերն ու միջոցառումները:
Այս տարվա բրիտանական ծրագրում ներկայացված է Ուիլյամ Շեքսպիտի ստեղծագործություններով ոգեշնչված և դրանց հիման վրա ստեղծված տարատեսակ անիմացիոն ֆիլմեր, իսկ լեհական ծրագրում ներկայացված են կարճամետրաժ լեհական անիմացիոն ֆիլմեր: Նաև փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 30-ին Հայաստան է ժամանելու լեհ էքսպերիմենտալ ռեժիսոր-անիմատոր Ռոբերտ Սովան:
Ժան-Պոլ Կոման խոսեց Եվրիմաժ անիմացիոն մրցանակաբաշխության մասին, որն առաջին անգամ տեղի կունենա 2017 թվականին: Նաև նշեց իր գալիք վարպետության դասի մասին, որի ընթացքում խոսելու անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի արտադրության մասին և թե ինչպես է կատարվում դրանց ընտրության գործընթացը եվրոպական փառատոների ընթացքում:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցությունն այս տարի ևս մասշտաբային է: Փառատոնի բացման և փակման ֆիլմերը ֆրանսիական համատեղ արտադրության նշանակալի ստեղծագործություններ են: Բացման ֆիլմը՝ «Կարմիր կրիան», այս տարվա Կաննի կինոփառատոնին արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակին: Իսկ փակմանը ներկայացվելու է ռեժիսոր և սցենարիստ, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Ժան Ֆրանսուա Լագիոնիի՝ «Լուիզի ձմեռը», համակարգչային գրաֆիկայի և 2D ավանդական անիմացիայի կանոնները պահպանած ֆիլմը՝ ստեղծված Կանադայի հետ համատեղ:
Իսկ այս տարվա փառատոնի հատուկ հյուրը՝ Օսկարի երկակի հավակնորդ, Կաննի կինոփառատոնի դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, անիմատոր և նկարիչ Բիլ Փլիմփթոնը խոսեց իր նյույորքյան անկախ ստուդիայի և մի փոքր պատմեց իր ամենանշանակալի և հանրահայտ ստեղծագործությունների ստեղծման մասին (Քանիե Ուեսթի տեսահոլովակի, Թոմ Ուեիթսի երաժշտությամբ ստեղծված ֆիլմի և այլ նախագծերի մասին):
Փլիմփթոնը սիրով կսպասի հայ անիմատորներին, նկարազարդողներին, գրաֆիկ դիզայներներին, նկարիչներին և պարզապես անիմացիայի սիրահարներին իր վարպետության դասի շրջանակներում: