Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ իմացավ՝ Ղարաբաղում է ծառայելու, ասաց. «Ես հասա իմ ուզածին…»

Հոկտեմբեր 28,2016 16:45

Տիգրան Էդուարդի Բերակչյանը ծնվել է 1997 թվականի մարտի 22-ին Երևան քաղաքում: Արմատներով ջավախքցի է, Ախալքալաքի Լոմատուրցխ գյուղից: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան համար 84 դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Քանաքեռի Կոստան Զարյանի անվան համար 117 հիմնական դպրոց, որտեղ ավարտել է 9-րդ դասարանը: Այնուհետև ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի, պետական քոլեջ, որը, սակայն կիսատ թողնելով տեղափոխվել է ավագ դպրոց:

Տիգրան Բերակչյանն ուներ մեկ եղբայր՝ Նարեկ Բերակչյանը:

Հերոսությունը ձեռքբերում չէ, հերոսությունը բնավորություն ու դաստիարակություն է, որ արմատացած էր ապրիլյան պատերազմում անմահացած յուրաքանչյուր տղայի մեջ:

Այդ բնավորության կրողներից էր նաև տասնիննամյա Տիգրան Բերակչյանը:

Համեստ, լռակյաց տղան հանուն հայրենի սահմանի պիտի հերոսանար՝ ընտանիքին թողնելով միայն հպարտությամբ շաղախված արցունքներ ու իր խաղաղ անկյունը՝ մանկության լուսանկարները, հետմահու շքանշանն ու զինվորական համազգեստով պատին կախված հպարտությամբ լի հայացքը:

Այսօր հերոսի մայրը՝ տիկին Եվգինեն որդու մասին խառը զգացմունքներ արտահայտող ժպիտով ու թերևս թաքուն երանությամբ է հիշում:

Տիգրանը միշտ ամեն ինչ ժամանակից շուտ է արել. 1997թ.-ի մարտի 23-ին պիտի լրանար ծնողների ամուսնության մեկ տարին, առաջնեկը մեկ օր չհամբերեց, արդեն մարտի 22-ին վազեց ծնողների գիրկն ու շնորհավորեց նրանց միության մեկ տարին:

Արդեն մեկ-երկու տարեկանում էլ սկսել է վարժ խոսել ու քայլել:

Տիկին Եվգինեն պատմում է, որ ընդամենը երկու տարեկան չարաճճի տղան կարողացել է փախչել մանկապարտեզից, ընկերոջն էլ ասել է, թե գնամ պաղպաղակ առնեմ գամ: Տիգրանին մանկական համարձակության համար սաստող դաստիարակներն ի՞նչ իմանային, որ տասնութ տարի անց Տիգրանը նույն համարձակն էր մնալու, բայց արդեն ոչ թե չարաճճի, այլ արյան գնով հայրենի սահմանը պահող:

Մի օր էլ փոքրիկ Տիգրանը պատահաբար փակված է մնում ֆիզկուլտուրայի դահլիճում: Բարեբախտաբար, մանկապարտեզում աշխատող մայրիկը միջանցքից լացի ձայն է լսում, բայց մտքով էլ չի անցնում, որ ներսում իր որդին է: Արագ բերում է բանալին, բացում դահլիճի դուռն ու տեսնում Տիգրանին, որն էլի իր չարաճճիության պատճառով էր ներսում մնացել:

Տիգրանի տատիկը հիշում է, որ տղան շատ կապված էր պապիկի հետ, պապիկն իր թուլությունն է եղել: Չորս տարեկան էր, երբ պապիկը մահացավ: Փոքրիկ տղան ցանկացել է վերջին անգամ համբուրել պապիկին, բայց մայրիկն արգելել է: Տիկին Եվգինեն ասում է. «Շատ խորը տպավորվել էր, մինչև վերջ էլ ինձ հիշեցնում էր, որ չթողեցի իր պապիկին համբուրեր»:

Պապիկի նկարի հետ հաճախ էր զրուցում. «Պապիկ ջան, ախր էդ ինֆարկտը ինչի քեզ խփեց, պապիկ ջան ախր քեզ շատ եմ սիրում»:

Դպրոցական տարիներին նրա մտքերը շատ հասուն են եղել, տիկին Եվգինեն հիշում է, որ այնքան էլ լուրջ չէին վերաբերվում փոքրիկի հասուն մտքերին:

Հասուն մտքերով տղան նույն հասունությամբ էլ պիտի բանակում ծառայեր, արդյունքը մենք բոլորս տեսանք:

Չնայած հասուն մտքերին՝ դպրոցում այնքան էլ լավ չի սովորել: Հարևանուհին՝ տիկին Գայանեն, հիշում է. «Ես դպրոցում ուսուցչուհի եմ, մի անգամ եկավ, ասեց, թե Գայան տոտա, աչքդ լույս լինի, ասացի ինչո՞ւ Տիգրան ջան, ասեց, թե փոխադրվել եմ հաջորդ դասարան, որ չփոխադրվեի, էլի դու էիր միջնորդելու»:

Սիրում էր համակարգչային ծրագրավորում, ամբողջ օրը պատրաստ էր անցկացնել համակարգչային տեխնիկա ուսումնասիրելով: Սակայն ուներ նաև դերասանական տաղանդ, տատիկը հաճախ էր ասում. «Տիգրան ջան, դու պիտի դերասան դառնաս»: Ի դեմս Տիգրանի ՝գուցե մենք ապագա մեծ դերասան կորցրինք կամ հայտնի ծրագրավորող, բայց մենք գտանք Տիգրան հերոսին, որի սխրանքով սերունդներ ենք դաստիարակելու:

Տիգրանենք երկու եղբայր ՝էին, ինքն ավագն էր: Ծնողներն ասում են, որ փոքր եղբոր հետ ոչ միայն եղբայրներ, այլ նաև ընկերներ են եղել:

Մեր հերոսը հասցրել էր նաև սիրահարվել: Մինչև բանակ գնալը ընկերուհի է ունեցել, որի մասին ընտանիքին չի պատմել: Հասուն տարիքում Տիգրանը փակ տղա է եղել, ներսն ու դուրսը իրար երբեք չի խառնել: Ընկերուհու մասին ծնողները հետո են իմացել, Տիգրանը գիտակցաբար բաժանվել է նրանից, որ հեռավորությունը ո՛չ իրեն, ո՛չ աղջկան չցավեցնի:

Հիշո՞ւմ եք, որ ասացի Տիգրանն ամեն ինչում շտապողական էր. տասնյոթ տարեկանում ծնողներին ստիպում էր, որ գրությունով իրեն բանակ ուղարկեին, բնականաբար ծնողները չէին արել նման բան:

Տիգրանը ժամացույցներ շատ է սիրել, երևի դա էլ բնավորություն էր, նայել ժամացույցին ու ժամանակից առաջ վազել: Ժամացույցներ սիրող տղան իր կամքով 4 օր շուտ է բանակ գնացել, տատիկն ասում է. «Չէր դիմանում, օրերն էր հաշվում ՝ երբ է գնալու, վերջին չորս օրն էլ էլ չդիմացավ…»:

Տիգրանի հայրը՝ պարոն Էդուարդը հիշում է, թե որդին ինչ խանդավառությամբ էր բանակ գնում ու միակ ցանկությունը Ղարաբաղում ծառայելն էր: Ասում է. «Մի անգամ կատակով ասացի, թե Տիգրան, արդեն կարգավորել եմ, Հայաստանում ես ծառայելու: Իրար խառնվեց, արդեն զինկոմիսարիատ էր վազում, մի կերպ հետ պահեցինք»:

Պարոն Էդուարդը հիշում է, որդու ինքնագոհ հայացքն այն պահին, երբ իմացավ՝ Ղարաբաղում է ծառայելու: Տիգրանի հայացքն այդ պահին ասում էր. «Ես հասա իմ ուզածին…»:

Տիգրանի մորեղբայրն ասում է. «Իմ ձեռքերի մեջ է ծնվել ու մեծացել, բայց չգիտեի, որ էդպիսի հերոս ունեմ: Նեղվում եմ, որ կողքիս չէ, բայց պարծենում եմ իրենով: Երկու տարին լրանա մեկ է սպասելու եմ»:

Արդեն վերջին օրերի մասին Տիկին Եվգինեն պատմում է. «Երբ իմացա, որ սահմանին իրավիճակը լարված է, գիտեի, որ Տիգրանս փախչող չէ, ես գիտեի՝ ում եմ բանակ ուղարկել, վստահ էի՝ մինչև վերջ իր առաքելությունը կկատարի՝ թեկուզ կյանքի գնով»:

Ինքն իր հանդեպ էլ շատ խիստ է եղել, սիրել է կարգուկանոնը, ընտանիքում այդպես է դաստիարակվել: Մայրը հիշում է, որ տղան թեկուզ փոքր տարիքում երբեք չի կարողացել խաբել. «Հենց ջղայնանում էի, սկսում էր լացել, ուրեմն՝ ինքը ճիշտ էր, հենց սկսում էր աչքերով ժպտալ, հասկանում էի, որ խաբում է»:

Երբեք չի խոսել բանակային առօրյայից, չի դժգոհել, բանակն իր համար երկրորդ ընտանիք է եղել, ինքն էլ երբեք չի խառնել առաջին ու երկրորդ ընտանիքները: Տիկին Եվգինեն հիշում է, որ տղան երբեք բառացի չէր ասում, որ սահման են բարձրանում, ասում էր. «Լավ, մամ, ես վերև եմ բարձրանում»:

Հերոսի մայրը նաև պատմում է. «Մենք մի խիստ մորաքույր ունենք՝ Ռուզան մորաքույրը, հենց ուզում էի իմանալ իրավիճակը ոնց է՝ ասում էի. Տիգրան ջան Ռուզան մորաքույրը հո չի՞ ջղայնացել, ինքն էլ միշտ ասում էր. չէ այ մամ, Ռուզան մորքուրին նենց ենք սսկվացրել, որ…»:

Մարտի 31-ի երեկոյան զանգել է, մայրիկի հետ զրուցել, հետո ցանկացել է բոլորի հետ խոսել, ինչպես ինքն է ասել՝ մեծից փոքր: Մայրը, երևի ինչ-որ բան զգալով, սարսռացել է, բայց չի բարձրաձայնել.. .դա վերջին անգամն էր, որ ընտանիքը լսեց հերոսի ձայնը, հետո միայն նրանք պիտի լսեին իրենց զավակի հերոսանալու մասին…

Հերմինե ՂԱՐԻԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31