Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկացիական ընթերցումները» համախմբում է անվանի հայագետներին և նարեկացիագետներին

Հոկտեմբեր 28,2016 15:53

Հոկտեմբերի 28-ին մեկնարկել է «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը։ Այն այս տարի նվիրված է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին:

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն ընդգրկված է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Երկօրյա գիտաժողովում զեկուցումներով հանդես են գալու նարեկացիագիտության բնագավառում լավագույն մասնագետներ, որոնց շարքում են Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտընվան Լինտը, Հայաստանից Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև հետևյալ գրքերի շնորհանդեսը՝ Հրաչյա Թամրազյան, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը», Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», իտալերեն թարգմանությունը Հ. Լևոն Արք. Զեքիյանի, Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», ֆրանսերեն թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի, Սեյրանուշ Մանուկյան, Դավիթ Ղազարյան, «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն)։

«ՀՀ անկախության 25-ամյակ» անվանակարգում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհների ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ գիտաժողովը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին։ Գայանե Մանուկյանը նկատում է, որ Նարեկն այն կոթողներից է, որն իրավամբ պետք ճանաչվի որպես համաշխարհային արժեք. «Նարեկի իտալերեն թարգմանության լույսընծայումն այդպիսի ճանաչման մեծ քայլ է: Համաշխարհային արժեք նշանակում է ճանաչել նաև ուրիշի մեջ ինքդ քեզ: Հայ և իտալացի ժողովուրդներն ունեն հոգևոր քրիստոնեական արմատներ և մկրտումից հետո լծված են եղել հոգևոր ստեղծագործական գործընթացին: Նարեկացին այդ գործի հիմնասյուներից է: Նա հռչակվել է տիեզերական եկեղեցու վարդապետ, և ուրախալի է, որ վարդապետական նրա խոսքը, որ զուտ փիլիսոփայություն չէ, այլ սրտից միտք գնացող և ճանապարհ ցույց տվող խոսք, շնորհիվ այս թարգմանության, հասանելի է դառնում է նաև իտալացի ընթերցողին և հավատացյալին»:

Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը ընդգծում է հեղինակավոր հայագետների մասնակցությունը գիտաժողովին, ինչը հարգանքի տուրք է Գրիգոր Նարեկացուն։

Ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն առաջին անգամ Հայաստանում եղել է 40 տարի առաջ։ Ժամանակին ֆրանսերենով կարդացել էր թարգմանություններ Նարեկացուց, սակայն, ըստ Ժան-Պիեր Մահեի, Նարեկի համը այդ թարգմանությունները չէին տալիս։ Ուստի սկսել է նորովի թարգմանել հայ մեծ փիլիսոփային։ Նարեկացուց կատարած իր թարգմանությունը ավարտել է 1985թ.։
Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտըն վան Լինտը գիտաժողովում անդրադառնալու է Նարեկացու ունեցած ներդրմանը համաշխարհային խորհրդապաշտական, կրոնական գրականության մեջ։ Պրոֆեսորը Նարեկացու ստեղծագործություններն առաջին անգամ ձեռքը վերցրել է 30 տարի առաջ։ Հոլանդիայում նախ սովորել է գրաբար, այնուհետև Հայաստանում՝ արևելահայերեն, իսկ Վենետիկում՝ արևմտահայերեն։ Պրոֆեսոր Լինտն ասում է, որ ինքը Նարեկի բուժիչ ուժը մշտապես զգում է, ու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը միշտ իր պայուսակի մեջ է։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31