Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի շուրջ աշխատանքային քննարկում էր կազմակերպվել: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո:
Նոր կանոնակարգով նախատեսվում է ԱԺ քառօրյա նիստերը անել ոչ թե երկուշաբթիից հինգշաբթի, այլ՝ երեքշաբթիից ուրբաթ օրերին, իսկ երկուշաբթի գումարել ԱԺ խորհրդի նիստ: Հենց խորհրդում էլ որոշվելու է ԱԺ քառօրյա նիստերում քննարկվելիք հարցերի հաջորդականությունը: Քառօրյա նիստերից հետո՝ հաջորդ շաբաթ առաջարկվում է գումարել խմբակցությունների նիստեր:
Հաջորդ փոփոխությունն այն է, որ նիստը նախագահողը պետք է իրավունք ունենա 15 րոպեով երկարացնել 90 րոպեանոց նիստը՝ այսպես հնարավորություն տալով պատգամավորներին ավարտել հարցերն ու պատասխանները:
Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ ԱԺ նոր կանոնակարգ օրենքի նպատակներից մեկը ընդդիմության դերի բարձրացումն է խորհրդարանում, ուստի առաջարկվում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը լինի ընդդիմությունից:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում պետք է ոչ թե փոփոխություններ անեն, այլ՝ հիմնովին փոխեն օրենքը, քանի որ փոխվել է Սահմանադրությունը եւ սա այլեւս կիսանախագահական կառավարման երկիր չէ, այլ՝ խորհրդարանական:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայնեց Ջհանգիրյանի հետ. «Իշխանությունը ծագում է եւ ձեւավորվում է այս մարմնով, սա չի երեւում կանոնակարգով: ԱԺ-ի նոր լիազորությունները, որ Սահմանադրությունով ֆիքսել ենք, դրա իրացումը պետք է լինի Կանոնակարգ օրենքում: Ընտրական օրենսգրքից հետո մյուս գլխավոր կարեւոր, համակարգաստեղծ օրենքը սա է»: Նա ասաց, որ խմբակցությունների դերի էական մեծացում պետք է լինի: Մյուս կողմից էլ ընդդիմադիր եւ կառավարող խմբակցությունների նոր որակի հարաբերություններ պետք է արտացոլվեն:
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հետաքրքրվեց՝ խմբակցությունից դուրս գալու խնդիրը ո՞նց է լինելու. «Ասենք, խմբակցությունից մարդ է դուրս գալիս: Խմբակցությունը որոշում է, նրան հանում է խմբակցությունից, նախագծում հասկանալի չի՝ նա պատգամավորությունից դո՞ւրս է գալիս, թե՞ մնում է պատգամավոր»:
Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցերի շուրջ կարող են անվերջ բանավիճել՝ պե՞տք է մանդատը վայր դնի, թե՞ չէ, երբ պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս: Հովհաննես Սահակյանը նշեց, որ հիմա էլ ունեն պատգամավորներ, որ խմբակցության մեջ են, բայց հակառակ են քվեարկում, այսինքն, ազատ պատգամավորի գաղափարը կա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ խորհրդարանական համակարգում ուրիշ տարբերակ չի կարող լինել, ով դուրս եկավ խմբակցությունից, նա պարտավոր է մանդատը վայր դնել: Նա նաեւ դեմ արտահայտվեց ԱԺ խորհրդի նիստը երկուշաբթի անելուն: Ըստ նրա, պատգամավորը չի կարող հասցնել պատրաստվել հաջորդ օրվա նիստին:
Գարեգին Նուշիկյանը խմբակցությունից պատգամավորի դուրս գալու հետ կապված առաջարկում էր չսահմանափակել նրա լիազորությունները հանձնաժողովներում, ինչպես ամրագրված է նախագծով. «Ընդունենք դուրս եկավ, բա՞նտ ենք ուղարկում, հանձնաժողովի աշխատանքներից ինչո՞ւ ենք իր իրավունքները սահմանափակում»:
Հովհաննես Սահակյանն ասաց, որ պատգամավորներն առաջիկա 1 շաբաթվա ընթացքում կարող են իրենց առաջարկությունները ԱԺ կանոնակարգ օրենքի վերաբերյալ ներկայացնել հանձնաժողովին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ