Լրահոս
Օրվա լրահոսը

Գործը կսկսի գնալ առաջ. Վազգեն Մանուկյանը` անվանի հայերի նամակի մասին

Հոկտեմբեր 28,2016 15:43

IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» և The New York Times թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակ՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից: Խոսքը վերաբերում է պատմական հնարավորությանը՝ հայերի միավորման և Հայաստանի ու համաշխարհային հայության ապագան միասնաբար կերտելուն: Այդ կարևոր նախաձեռնության մասին Անկախ-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը` հատկապես, որ Դուք տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ հնչեցրել եք համաշխարհային հայության համախմբման, համահայկական կառույցների ստեղծման և աշխարհում մրցունակ ազգ ու պետություն ստեղծելու գաղափարը:-Շատ դրական եմ վերաբերում այս նախաձեռնությանը, և ստորագրությունների շատ տպավորիչ ցուցակ է, իհարկե կարող էր այդ ցուցակն ավելի մեծ լինել, բայց սա էլ արդեն բավականին ազդեցիկ է: Այո, միտքը նոր չի: Դեռ 60-ական թվականներից սկսած հայության մեջ համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու, համագործակցելու միտքը անընդհատ շոշափվել է և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում: Բայց երևի թե մինչև անկախություն ստանալը դա լուծվող հարց չէր:

Պատճառներից թերևս գլխավորն այն էր, որ դա կնշանակեր` համագործակցել Խորհրդային միության հետ: Բացի դա, նախաձեռնողները հիմնականում մտավորականներ էին ու երիտասարդներ, որոնք մեծ կշիռ չունեին, իսկ այն կառույցներն ու անհատները, որոնք այդ կշիռն ունեին, նրանցից յուրաքանչյուրը կուզենար այդ կառույցի նկատմամբ ունենալ գերակշիռ ազդեցություն, ոչ թե ստեղծվեր մի կառույց, որը կլիներ ինչ որ իմաստով իրենց մրցակից: Միտքն առավել ցայտուն սկսեց արտահայտվել Բեյրութի պատերազմի ժամանակ, որովհետև դրա անհրաժեշտությունը խիստ զգացվում էր, և դրա համար օրինակ էր ծառայում արդեն գոյություն ունեցող համաշխարհային հրեական կոնգրեսը: Խնդիրն առավել լուրջ բնույթ ստացավ 1990 թվականին, երբ դեռ Հայաստանն անկախ չէր, բայց շարժումը Հայաստանում իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Այդ գաղափարի ձևակերպումն առաջին անգամ հնչեց` որպես համաշխարհային ազգ: 1991 թվականին կառավարության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին գործնական փորձը կատարվեց, և անցկացվեց հայ գործարարների առաջին համագումար:-Ձեր վարչապետության ժամանա՞կ:-Այո: Ինչո՞ւ հայ գործարարների համագումար, որովհետև այդ կառույցը պետք է իր գործունեությունը սկսեր տնտեսական համագործակցությունից, որը հետագայում կներառեր արդեն ավելի լայն ոլորտներ: Ստեղծվեց նաև աշխատանքային խումբ, որը պետք է կազմակերպեր և համակարգեր այդ աշխատանքը: Հետագայում այդ մեծ ու լուրջ խնդիրը վերափոխվեց ավելի փոքր խնդրի, և ստեղծվեց հիմնադրամ, որը պարզապես մի փոքր, մասնավոր հարց էր լուծում ու հեռու էր հիմնական մտահղացումից:Այս տարիների ընթացքում մոտ 2-3 անգամ Հայաստանի տարբեր կառավարություններ կազմակերպեցին համահայկական նման համաժողովներ, բայց գործն առաջ չէր գնում:

Այստեղ մի պրոբլեմ էլ կար. պետք էր ապահովել այպիսի գործառույթներ, որպեսզի աշխարհով մեկ սփռված ազդեցիկ հայերը, նման կառույցին իրենց մասնակցությամբ հանդերձ, կարողանային պահպանել նաև իրենց լոյալությունը այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում էին:Այս հարցը շատ սուր ձևով բարձրացավ նաև, երբ ստեղծվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովում ընդգրկված սփյուռքահայությունն անընդհատ բարձրացնում էր հարցը, որ պետք է մտածել այնպիսի մի մշտական կառույցի ստեղծման մասին, որը կապահովի ողջ հայության միասնությունը և համախմբումը պետության, Հայաստանի պաշտպանության ու զարգացման գործին, աշխարհով մեկ սփռված հայության պահպանումը և արդյունավետ փոխգործակցությունը: Նախատեսված է այդ պրոցեսը շարունակել և ինչ որ լուծում գտնել: Հանրային խորհրդում նույնպես այդ հարցը բազմիցս բարձրացվել ու քննարկվել է, տարբեր առաջարկներ են ներկայացվել: Հիմա այս նոր նախաձեռնությունը մի նոր թափ է հաղորդում այդ գործին, ու շատ կարևոր է, որ ոչ թե պետական կառույցների կողմից է գալիս, այլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հարգված հայերի: Ես կարծում եմ, որ սա այն կարևոր նախաձեռնությունն է, որից հետո գործը կսկսի գնալ առաջ:-Պարոն Մանուկյան, ի՞նչ է դա տալու հայությանը, ինչո՞ւ է դա այդքան անհրաժեշտ:

-Մենք հիմա ապրում ենք մի իրավիճակում, երբ ողջ հայության ընդամենը 30 տոկոսն է ապրում Հայաստանում: Կա և՛ տեսակի պահպանման խնդիր, որը պահանջում է մեծ համագործակցություն պետության և Սփյուռքի միջև: Բացի դա, Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այն կետում, որ միայն Հայաստանում ապրող հայերի ջանքերը բավարար չեն մեր երկրի պաշտպանության, անվտանգության ապահովման, բարգավաճման և զարգացման համար: Դրա հետ միասին պետք է նշել, որ աշխարհը նույնպես փոխվել է. եթե մինչ այդ մրցակցությունը գնում էր պետությունների միջև, ապա դրան ավելացել է նաև ազգերի մրցակցությունը, և աշխարհով մեկ սփռված շատ տարբեր ազգեր փորձում են այդպիսի կառույցների միջոցով դառնալ մրցունակ և ուժեղ: Կարելի է նաև տարբեր ազգերի օրինակներ բերել, որտեղ նույնիսկ սփյուռքի ներկայացուցիչները դառնում են պառլամենտի անդամ և այլն:Բայց աշխարհում այսօր գնում է նաև մեկ այլ մրցակցություն, որը ոչ պետությունների միջև է, ոչ էլ ազգերի, այլ չափազանց ազդեցիկ կառույցների, որոնք գործում են ոչ թե պետական կամ ազգային հիմքի վրա, այլ տնտեսական, որևէ վերպետական կամ վերազգային գաղափարի շուրջ (օրինակ` տրանսնացիոնալ կազմակերպությունները): Այսինքն, այսօր մրցակցությունը գնում է երկրագնդի բոլոր կետերում, ու այդ մրցակցությանը մենք պետք է պատրաստ լինենք, իսկ պատրաստ լինել` նշանակում է համապատասխան կառույցներ ստեղծել:

Դժվարություններ կա՞ն, իհարկե կան: Տարբեր երկրներում ապրող հայության մի չնչին մասն է ներգրավված գործող հայկական կառույցների մեջ, հայկական միջավայրում: Այստեղ լուրջ հարց է առաջանում, թե ինչպե՞ս այդ պրոցեսի մեջ ընդգրկել բոլորին:Այս ամենը նաև որոշակի պարտավորություններ է դնում մեր պետության առջև: Այն պետք է համապատասխանի ոչ միայն իր քաղաքացիների պահանջներին, այլ նաև համայն հայության ձգտումներին ու սպասումներին: Բայց ես համոզված եմ, որ սկսվում է մի գործընթաց, որի շնորհիվ կստեղծվի այնպիսի համագործակցություն հայության միջև, որը ոչ միայն կնպաստի մեր պետության և հայության հզորացմանը, այլ այդ համագործակցությունը օգտակար կլինի նաև յուրաքանչյուր հայի անհատապես, միաժամանակ օգտակար կլինի համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը:

.vazgenmanukyan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31