Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը քննարկել է կառավարության ծրագիրը և «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը

Հոկտեմբեր 28,2016 15:39

Ս.թ. հոկտեմբերի 28-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել նոր կառավարության ծրագրի քննարկման, այդ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ ՀԽ համագործակցության հարցը, ինչպես նաև «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Հանրային խորհուրդն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ծրագիրը, սակայն հնչել են նաև մտահոգություններ: ՀԽ անդամ, ակադեմիկոս էդուարդ Ղազարյանը մտահոգիչ է համարել գիտության և կրթության ոլորտներին վերաբերող որոշ դրույթների`մասնավորապես ֆունդամենտալ գիտության ֆինանսավորման հետ կապված: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը թերի է համարել այն, որ կառավարության ծրագրում ներառված չեն կայուն զարգացման միջազգային մոտեցումները: ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ ընդգծել է, որ կառավարության ծրագրում ամբողջական և շեշտադրված ներկայացված չէ այն կարևորագույն խնդիրը, որը վերաբերում է աշխարհով մեկ սփռված հայության համախմբմանը, համահայկական մրցունակ կառույցների ստեղծմանն ու հայկական ներուժի օգտագործմանը` ի շահ հայության: Որոշվել է խորհրդում այդ հարցերին լրացուցիչ անդրադառնալ:

ՀԽ նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին և ՀԽ հետագա գործունեությանը:

Նշվել է, որ օրենքի նախագծի շուրջ դեռևս առկա են բովանդակային, կառուցվածքային և իրավական հարցեր, որոնք մշակման փուլում են:

Խորհրդի անդամները քննարկել են կառույցի գործունեության նոր մոտեցումներին, կարգավիճակին, լիազորություններին վերաբերող հարցեր` հաշվի առնելով ՀԽ այս տարիների գործունեության փորձն ու արդյունքները: Մասնավորապես քննարկվել են խորհրդի կազմում ներառված հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների գործունեության կարգը, դրանք առավել ակտիվացնելու և ոլորտային վերադասավորումներ իրականացնելու վերաբերյալ հարցեր, որոնք առավել արդյունավետ ու համակարգված կդարձնեն հանձնաժողովների աշխատանքը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհրդի գլխավոր դերակատարությունը պետք է մնա նույնը` կամուրջ հանդիսանալ իշխանությունների ու հասարակության միջև` ստեղծելով երկխոսության արդյունավետ հարթակ, որտեղ կբարձրացվեն հանրության տարբեր շերտերին հուզող հասարակական, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ազգային-գաղափարախոսական հարցեր` հնարավորություն ստեղծելով ազդել իշխանությունների որոշումների վրա:

 

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու

Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31