Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեր Ասողիկ քահանա` եկեղեցին գովազդային գործակալություն չէ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2016 15:20

«Երբ նստում եւ ինչ-որ հարց եք քննարկում, ձեզ հարց տալի՞ս եք, որ աշխարհում կա 158 քրիստոնյա երկիր, որից մեկը Հայաստանն է եւ աշխարհի բնակչության 99 %-ը չգիտի, որ մենք Քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն ենք աշխարհում: Կարծում եմ՝ դա ձեզ համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի: Ես ուղղակի զարմանում եմ մինչեւ հիմա ձեր կողմից ունեցած այդ մեծ բացթողման վրա, որովհետեւ աշխարհի 7 հրաշալիքների մասին գիտեն աշխարհի բոլոր երեխաները, բայց դրսում, երբ զրուցում ենք անգամ ամենահայտնի մարդկանց հետ եւ ասում ենք սրա մասին` նրանք զարմանում են: Մինչդեռ սա պետք է լինի մեր այցեքարտը»,- դիմելով տեր Ասողիկ քահանա Կարապետյանին՝ ասաց տուրընկերությունների ներկայացուցիչներից մեկը:

turizm-1Նա եկեղեցուն կոչ արեց ավելի ակտիվ լինել ու այս ուղղությամբ աշխարհում ճանաչողական աշխատանքներ տանել:

Տեր Ասողիկ քահանան ի պատասխան ասաց` եկեղեցին գովազդային գործակալություն չէ, որ աշխարհում այդ ամենը ներկայացնի, գովազդով պետք է զբաղվեն զբոսաշրջային ընկերությունները: Ապա տեր Ասողիկը թվարկեց, թե Հայ առաքելական եկեղեցին ինչպես է Հայաստանը ճանաչել տալիս.

«Հայաստանի կառավարության եւ Հայ եկեղեցու ջանքերով, ընդամենն ամիսներ առաջ, Հայաստան այցելեց Հռոմեակաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը` Հովհաննես Պողոս պապը: Նա Հայաստան եկավ այն կարգախոսի ներքո, որ այց առաջին քրիստոնյա երկիր: Մեկ միլիարդից ավելի կաթոլիկ աշխարհը շատ լավ ճանաչում է, շատ լավ գիտե, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է»:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքերով, քրիստոնյաներին քրիստոնեական առաջին երկիր հրավիրելու խնդիրը «ծանրանում է զբոսաշրջային ընկերությունների վրա»: Ապա քահանան հարցրեց` համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսներին մեր զբոսաշրջային ընկերություններն ի՞նչ թեմաներով են ներկայանում կամ արդյոք ներկայանո՞ւմ են:

Այս երկխոսությունն այսօր տեղի ունեցավ Հայաստանյան տուրիզմի համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում: Համաժողովի նպատակն էր քննարկել  տուրիզմի առկա վիճակը եւ հիմնախնդիրները:

Միջոցառմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ 100 հուշարձանի վերաբերյալ լուսանկարներ, իսկ ամեն մի պատմամշակութային հուշարձանի համար` հետաքրքիր լեգենդներ են պատրաստում:

Տուրընկերության մեկ այլ ներկայացուցիչը, դիմելով Արմեն Ամիրյանին, ասաց` նախորդ մշակույթի նախարարի առաջ էլ ենք այս խնդիրները բազմիցս բարձրացրել. «Ճանապարհները գտնվում են շատ այլանդակ վիճակում, տուրիստներին բերում ենք եւ ամաչում: Երեւանի տեսքի խնդիրը նույնպես պետք է քննարկել: Հին շենքերը քանդում են, նորերը կառուցում»:

Արմեն Ամիրյանն առաջին հարցին պատասխանեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ ծրագիր են սկսել, ըստ որի՝ մշակութային վայրեր տանող ենթակառուցվածքները բարեկարգելու են, իսկ այն վայրերը, որոնք ծրագրում ներառված չեն, նախարարությունն է փորձելու տարեկան 3-4 պատմամշակութային հուշարձաններ նորոգել իր ենթակառուցվածքներով հանդերձ:

Ինչ վերաբերում է հին շենքերը քանդելուն, մշակույթի նախարարն ասաց, որ հարցի հետ համամիտ չէ, ասելով` ի՞նչ հին շենք է մնացել, որ մի հատ էլ քանդեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գերասիմ Մկրտչյանը սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին առաջարկեց լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարեր կազմակերպել Ծաղկաձորում, քանի որ տուրիզմի մեծ ներուժ ունեցող քաղաքում այդքան էլ հաճախ միջոցառումներ չեն լինում:

Պարոն Ռոստոմյանը բացատրեց, որ Լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան թույլ չի տա, քանի որ լանդշաֆթի թեքությունը մեծ է եւ չափանիշներին չի համապատասխանում:

turizmՆախարարն էլ իր հերթին Ծաղկաձորի քաղաքապետարանին կոչ արեց այդ քաղաքում զվարճանքի վայրեր հիմնել, քանի որ լեռնադահուկորդները, որոնք հիմնականում երիտասարդներ են, դահուկից հետո ուզում են ինչ-որ բանով զբաղվել, զվարճանալ: Պարոն Ռոստոմյանն օրինակ բերեց Ֆորմուլա 1-ի մրցաշարերը, որոնք իրենք իրենցով այդքան էլ ցնցող միջոցառումներ չեն, բայց կազմակերպիչներն ամեն անգամ այդ միջոցառումից հետո մի հայտնի աստղի կամ մեկ այլ հայտնի անձի են բերում եւ մարդիկ հնարավորություն են ունենում նրան տեսնելու:

Հրաչյա Ռոստոմյանն, օրինակ, առաջարկեց հանրահայտ Սերժ Թանկյանին խնդրել համերգները Ծաղկաձորում կազմակերպել, եւ այդ քաղաքը միանգամից հանրահայտ կդառնա տարածաշրջանում ու աշխարհում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31