Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մոտ որեւէ բան չի փոխվել». Վահրամ Բաղդասարյանի արձագանքը՝ Ծառուկյանի վերադարձի հայտարարությանը

Հոկտեմբեր 28,2016 14:55

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ քաղաքական գործիչներն իրենց գործառույթները լավ չեն կատարում, որ այդ պատճառաբանությամբ քաղաքականություն է ուզում ստիպված վերադառնալ գործարար Գագիկ Ծառուկյանը: Նա պատասխանեց. «Քաղաքական դաշտի գնահատականը անհատները չէ, որ պետք է տան, դա պետք է տա հանրությունը: Եվ ես այդ կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթները չեն կատարում: Քաղաքական դաշտ գալու հետ կապված՝ դա Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է, իր որոշման խնդիրն է: Երբ որ որոշի գա, այդ մասին կխոսենք»:

Մեր հարցին՝ նրա կարիքը չկա՞ քաղաքական դաշտում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքականություն, եւ կարիք լինել-չլինելը որոշում է ժողովուրդը»:

Լրագրողները փոխանցեցին այն պնդումները, որ մինչ մեծ քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, այդ մասին նա համաձայնեցրել է քաղաքական մեծամասնության եւ Սերժ Սարգսյանի հետ:

Հարցին՝ հանդիպումներ, քննարկումներն եղե՞լ են նրա վերադարձի հետ կապված՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որեւէ հանդիպում, քննարկում ոչ միայն ՀՀԿ-ականնների հետ, առավել եւս՝ ՀՀ նախագահի հետ չի եղել: Դա զուտ լրատվական հետաքրքրություն է»:

Հարցին՝ հնարավո՞ր է մինչեւ հայտարարելը հանդիպի՝ նա պատասխանեց, որ որեւէ մեկի հետ հանդիպելուց չեն խուսափում. «Նման առաջարկություն չի եղել, նման հանդիպման մասին վաղ է խոսելը: Առաջարկություն չկա, ցանկություն էլ չի եղել»:

Երբ լրագրողները հիշեցրին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, որ քաղաքականությունը բազկամարտ չէ, Գագիկ Ծառուկյանը պետք է հեռանա այդ դաշտից: Հարցին՝ դրանից հետո ինչ-որ բա՞ն է փոխվել՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեզ մոտ որեւէ բան չի փոխվել»:

Մեր հարցին՝ եթե այդ արգելքը չի հանվել, Գագիկ Ծառուկյանն ինչպե՞ս է նման հայտարարություն անում՝ նա պատասխանեց. «Եթե քաղաքականություն պետք է գան թույլտվությամբ, ինձ թվում է՝ ավելի լավ է չգան»:

Վահրամ Բաղդասարյանը նաեւ ասաց, որ Կարեն Կարապետյանից՝ ՀՀԿ կուսակցությանն անդամագրվելու դիմում չեն ստացել, հետեւաբար այդ հարցը չի քննարկվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31