Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում այնքա՜ն ծալված էջեր են բացվել». ՀՅԴ-ն ողջունել է Ծառուկյանի հրաժեշտը, ողջունում է նաեւ վերադարձը

Հոկտեմբեր 28,2016 14:44

«Մենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատել ենք, որեւէ խնդիր չենք տեսնում: Իր այն մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան՝ դա արդեն ամենալավ դաշտն է, որ կարելի է համագործակցել ցանկացած՝ այդ տրամաբանությամբ առաջնորդվող քաղաքական ուժի հետ եւ գտնել իսկապես ճանապարհներ՝ երկրում արագընթաց փոփոխություններ իրականացնելու»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, որ հնարավոր է վերադառնա մեծ քաղաքականություն՝ այսպես մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա ասաց, որ չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա. «Ընդհակառակը, շատ հավանական եմ համարում: Քաղաքականության մեջ ոչ մի բան բացառել չի կարելի: Իսկապես, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միեւնույնն է, զբաղվում է քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք այնպիսի համակարգային փոփոխությունների, որտեղ քաղաքական դաշտն ակտիվանալու է: Մարդը պետք է իրեն մի կողմ չդնի այդ գործընթացներից»:

Ըստ պարոն Ռուստամյանի, այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետև կողմ քաշվելը սխալ է:

Հարցին՝ քաղաքական դաշտն ունի՞ Գագիկ Ծառուկյանի կարիքը, նա պատասխանեց. «Նրա կարիքն ունեն այն մարդիկ, ում իսկապես Գագիկ Ծառուկյանը բարեգործությամբ փորձում է օգտակար լինել»:

Ժամանակին ՀՅԴ-ն ողջունում էր, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից: Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Ասում էինք, որ սրանով կանխվեց արյունահեղություն, որ կարող էր իսկապես մեր երկրում տեղի ունենար»:

Ինչ վերաբերում է գրքի փակված էջը բացելուն՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Հայաստանում այնքա՜ն ծալված էջեր են բացվել, եւ այլն, որ այդտեղ որեւէ զարմանալի բան չի կարող լինել, եթե բազմիցս ծալված էջերը բացվեն»:

Թե համաձայնեցվա՞ծ է Գագիկ Ծառուկյանի վերադարձն իշխանությունների հետ՝ պարոն Ռուստամյանը վստահեցրեց, որ իրենց հետ հաստատ համաձայնեցված չէ. «Գագիկ Ծառուկյանն ազատ մարդ է, ինչո՞ւ պետք է համաձայնեցնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31