Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին հարց ուղղեցինք Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետ կապված, որ հնարավոր է բացի գրքի փակված էջն ու վերադառնա քաղաքականություն:
Մեր հարցին՝ նա պատճառաբանեց, որ քաղաքական գործիչները չեն կարողանում արդյունքի հասնել, իր կարիքն է զգացվում ու ինքը ստիպված կվերադառնա քաղաքական դաշտ, ինչո՞ւ քաղաքական գործիչները նորմալ չեն աշխատում, որ գործարարն է ստիպված գալու այս դաշտ՝ նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ քաղաքականության մեջ է եղել, ըստ էության նա այս պահին ԱԺ պատգամավոր է եւ էլի քաղաքականության մեջ է: Մեծ քաղաքականություն վերադառնալու հետ կապված՝ անձամբ Գագիկ Ծառուկյանը որեւիցե անգամ կաշկանդված չի եղել իր մտքերը արտահայտելու, իր տեսլականը ներկայացնելու»:
Վերջին տարիներին, նա հիշեցրեց, որ տարբեր քաղաքական ուժեր ձեւավորվեցին եւ ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրեցին մրցակցելու եւ պայքարելու. «Մենք ինքներս ենք տեսնում, որ ինչքան էլ այդ քաղաքական ուժերը ամբիցիոզ գաղափարներից են խոսում, փորձում են իրենց մրցունակ ներկայացնել եւ ցույց տալ, իրականություն ընտրություններից հետո պատկերը լրիվ այլ է: Ըստ իս, ՀՀ-ում Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ անձն է, փաստերով էլ գիտենք, որ հնարավոր կոնսոլիդացիան իր անձի շուրջ տեղի ունեցավ, առաջիկայում էլ ավելի մեծ կոնսոլիդացիա իրականացնել եւ միասնական ուժերով գնալ պայքարելու երկրում ստեղծված մի շարք խնդիրներ եւ իրավիճակը փոխելու նկատառումներով, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի անձը մեծ հաշվով անփոխարինելի է»:
Լրագրողները խնդրեցին գնահատել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեությունը: Նա ասաց, որ դա ոչ միայն օրինաստեղծ աշխատանքների իրականացումն է, այլ ազգի կողքին լինելու, սատարելու, տարաբնույթ ծրագրեր իրականացնելու. «Եկեք մի բան հասկանանք՝ ԲՀԿ-ն երկար տարիներ ղեկավարել է Գագիկ Ծառուկյանը, ձեզ ոնց է թվում՝ այդ նույն օրինաստեղծ աշխատանքը, որ իրականացվել է, քաղաքական հայտարարությունները, որ եղել են, հարցեր կառավարությանը, որ հնչել են, Գագիկ Ծառուկյանն անմա՞սն է եղել այդ ամեն ինչին: Բնավ ոչ: Նա այդ ամեն ինչին մասնակից է եղել, միշտ խմբակցության նիստերը ինքն է վարել, ինքն է ուղղությունը մատնանշել, մեր քաղաքական կուրսի պատասխանատուն եւ ղեկավարն է եղել»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ կառավարության հետ հարցուպատասխանի ԲՀԿ-ականների հարցերը ի՞նքն է գրել տվել՝ Վահե Էնֆիաջյանը չպատասխանեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ