Հայաստանն ընթանում է դեպի նոր`խորհրդարանական համակարգ, քաղաքական ուժերը վերադասավորվում են եւ բոլոր քաղաքական ու մերձքաղաքական իրադարձություններն այդ ուղղությամբ են: Նման կարծիք այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Կառավարությունում ընթացող փոփոխություններն էլ քաղաքագետն այդ տրամաբանության մեջ է դիտարկում: Ըստ նրա, իշխող կուսակցությունը չի թաքցնում, որ ընտրությունների արդյունքում ցանկանում է մնալ իշխանության եւ դրա համար անում է ամեն ինչ: Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունները, քաղաքագետի համոզմամբ, հենց այդ տրամաբանության ցուցադրումն էին:
Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը լիովին տապալված է, ինչը իշխանությունն էլ է ընդունում, բայց լռելյայն, այլապես այս խառը ժամանակահատվածում իշխանությունը չէր գնա նման ռիսկային փոփոխությունների: Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության վերջնական գնահատականներ նա կտա 100 օրը լրանալուց հետո, իսկ նախնական տպավորություններն այսպիսին են. «Տեղական ժանտախտին ճնշելու համար, այստեղ կարող է բերվել ռուսական խոլերա»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այս իրավիճակում քաղաքագետը կարեւորում է մամուլի դերը, որպեսզի հասարակությանը ցույց տա, թե իրականում ի՞նչ է կատարվում: Իր համոզմամբ, հայկական մամուլն ունի բոլոր հնարավորությունները դա անելու համար:
Aravot.am-ի դիտարկմանը`փաստորեն, ի հեճուկս հանրության սպասումների, որ մեր կյանքում որակական փոփոխություններ են լինելու, ձեր գնահատմամբ զարգացումները բացասական ուղղությամբ են գնալու, Ռուբեն Մեհրաբյանը չհամաձայնեց: Նա չի կարծում, որ հանրությունը դրական փոփոխությունների ակնկալիքներ ունի:
Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը`համենայնդեպս Կարեն Կարապետյանի հետ հույսեր են կապում, քաղաքագետը հակադարձեց. «Դա ձեր կարծիքն է»: Ըստ նրա, հանրության քաղաքականապես ակտիվ հատվածը գոնե հասկանում է, որ հարցը ներիշխանական գործընթացների տրամաբանությունն է, ոչ թե Կարեն Կարապետյանը, որի հետ ոչ մի խնդիր ինքը չունի:
«Դեկորացիաների փոփոխություն է ընդամենը, բայց որակական առումով ինչ-որ բաներ կփորձեն փոխել, քանզի նախկինի պես այլեւս չի ստացվում: Կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում ոչինչ չփոխվի: Կոսմետիկ, դեկորատիվ , լույսեր փոփոխություններ են: Դեմոնոպոլիզացիա չենք ունենա, մոնոպոլիստների փոփոխություն կլինի, ազատական դաշտ չի լինի, կլինի այդ դաշտը սեփականաշնորհած սուբյեկտների փոփոխություն»,- ասում է քաղաքագետը`հավելելով, որ իշխանությունը գնում է 2017-ի ընտրություններին` ընտրելով իր համար անվնաս, անվտանգ ճանապարհ:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններում նկատվող սրացումների մասին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Մենք մտնում ենք ակտիվ բանակցային փուլ, որն ըստ ամենայնի կտեւի մինչեւ տարվա վերջ»: Գործընթացի արդյունավետությունն, ըստ նրա, կախված կլինի նրանից, թե որքանո՞վ ԱՄՆ-ին կհաջողվի ՌԴ-ին ստիպել`խաղալ ամերիկյան կանոններով: Ադրբեջանն այսօր փակուղու մեջ է եւ որպեսզի հարցի վրա ուշադրություն գրավի, գնում է շփման գծում սրացումների, բայց բանախոսի կարծիքով, այդ սրացումներն ավելին չեն, քան մենք տեսել ենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ