Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մտադիր է ներել հարկային պարտքերը. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 28,2016 12:59

Հարկային համաներման իրականացման գաղափարը Հայաստանում նորություն չէ։ Նման նախաձեռնություններ նախկինում մի քանի անգամ ներկայացվել են։

Հարկային համաներման հարցը ներկայումս քննարկվում է պետեկամուտների կոմիտեում։ Խոսքը մասնավորապես տնտեսավարողների կուտակած հարկային պարտավորությունները ներելու մասին է։

Թե այս անգամ ինչ սկզբունքով է կառավարությունը մտադիր ազատվել չվճարված հարկերի բեռից, առայժմ ուսումնասիրման ընթացքում է։

Ամեն դեպքում պետք է ենթադրել, որ այս նախաձեռնության շնորհիվ գործադիրը ոչ միայն համակարգը մաքրելու, այլեւ որոշակի ֆիսկալ նպատակներ է հետապնդում։ Մանավանդ պետական բյուջեն եկամուտների ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Երրորդ տարին անընդմեջ բյուջեի մուտքերը չի հաջողվում կատարել։

Ապառքների խնդիրը Հայաստանում անշուշտ նոր երեւույթ չէ։ Տարիներ շարունակ հարկային համակարգում կուտակվել են մեծաթիվ պարտավորություններ, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ չեն մարվում։ Չվճարված հարկերը հասնում են հարյուրավոր միլիարդ դրամների։ Դրանք պարտքեր են պետական բյուջեի հաշվին, որոնք մեխանիկորեն տեղափոխվում են հաջորդ տարի՝ առանց վճարվելու։

Ավելին՝ պարտավորություններ կուտակած կազմակերպությունների մի մասն արդեն վաղուց չի գործում, սակայն դրանց պարտքերը մնում են, իսկ երբեմն էլ շարունակվում են հաշվարկվել տույժ-տուգանքներ, որոնք երբեմն գերազանցում են, այսպես կոչված, մայր գումարը։ Մի բան, որ լրացուցիչ բարդություններ է ստեղծում ապառքները վերադարձնելու գործընթացում։

Այս պայմաններում անգամ մեծ ցանկության դեպքում այդ կազմակերպություններն ի վիճակի չեն վերականգնել իրենց գործունեությունը։ Թեեւ հասկանալի է, որ նման ընկերությունների քանակը մեծ չի կարող լինել, եթե նույնիսկ այդպիսիք դեռ մնացել են։
Ամեն դեպքում պետք է ենթադրել, որ հարկային համաներման միջոցով կառավարությունը մտադիր է նաեւ պայմաններ ստեղծել դրանց վերագործարկման համար։ Չաշխատող ակտիվների ներգրավումը համախառն արդյունքի ստեղծման մեջ կառավարության գործունեության ծրագրի առանցքային կետերից է։ Հարկային համաներումը համարվում է դրա իրականացման բաղադրիչներից մեկը։

Բյուջեի նկատմամբ տնտեսավարողների պարտավորությունների ներման նախաձեռնություններ Հայաստանում նախկինում մի քանի անգամ եղել են։ Առաջին անգամ նման փորձ արվեց 1990-ական թվականների կեսերին։ Դրա շնորհիվ որոշ ընկերություններ ազատվեցին կուտակված պարտքերից։ Սակայն կարճ ժամանակ անց իրավիճակը կրկնվեց։

Հարկային պարտավորությունները ներելու փորձ վերջին անգամ կատարեց Տ.Սարգսյանի գլխավորած կառավարությունը։ Կուտակված 210 մլրդ դրամ հարկային պարտավորությունների խնդիրը լուծելու համար առաջարկվեց մայր գումարի մարումով ազատվել տույժ-տուգանքների բեռից։ Ընդ որում՝ տույժ-տուգանքները կազմում էին հարկային չվճարված պարտավորությունների կեսը։ Դրանով հանդերձ, ստացվում էր այնպես, որ հայտարարված համաներման շնորհիվ պետական բյուջեն պետք է ստանար առնվազն 104 մլրդ դրամ։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31