Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր դաշտում իշխանություններն ավելի շատ բաժնեմաս ունեն, քան ժողովուրդը». Արծրուն Պեպանյան

Հոկտեմբեր 28,2016 12:53

«Մենք քաղաքական գործիչ չունենք, քաղաքական գործիչ ասելով՝ հասկանում եմ այն մարդուն, որը կարողանում է իրականությունը ճանաչել ու այդ իրականությունը փոխելով՝ ծրագիր կազմել ու գնալ դեպի այդ փոփոխությունը: Այս առումով Գագիկ Ծառուկյանի վերադարձը կամ հեռանալը էական ոչինչ չի փոխի մեր քաղաքական իրականության մեջ: Բայց եթե ինքը վերադառնա ու ԲՀԿ-ն նորից ուժեղացնի, այս դեպքում ընդամենը խաղի կանոններն են փոխվում Հայաստանում… ամեն դեպքում, եթե ԲՀԿ-ն հիմա կայանա ու ուժեղանա, ինչպես ժամանակին էր, կարող է դրական կաշկանդիչ դեր ունենալ իշխանությունների համար»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է՝ քաղաքականության ծալած էջը բացվի:

Պարոն Պեպանյանի խոսքով, Հայաստանում արմատական ընդդիմություն լինելու ու այդ ճանապարհով իշխանություն փոխելու հնարավորությունը շատ քիչ է. «Փորձը ցույց է տվել, որ հնարավոր չէ: Եթե նույնիսկ ԲՀԿ-ն գա ու ասի՝ արմատական ընդդիմություն ենք, ամենայն հավանականությամբ,  կարժանանան այն նույն ճակատագրին, որին արժանացել են բոլոր նախորդ ընդդիմադիր շարժումներն ու առաջնորդները»:

Վերլուծաբանի վերլուծությամբ, այսօր Հայաստանում ընդդիմություն չկա. «Քանի որ քաղաքական դաշտ չկա, ընդդիմություն էլ չկա: Նրանք ավելի շատ պահի տակ ընդդիմանում են գործող իշխանություններին, առաջին դեմքերին: Գաղափարախոսություն, որով առաջնորդվում են նման բան չունեն, իսկ եթե դա չունեն, կախված իրավիճակից՝ իրենք մեկ աջ կարող են թեքվել, մեկ՝ ձախ, համաձայնությունների գնալ: Ընդդիմադիր դաշտ ասվածի մեջ իշխանություններն ավելի շատ բաժնեմաս ունեն, քան՝ ժողովուրդը»:

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ պարոն Պեպանյանը նկատեց, որ սիրուն ծրագիր է. «Բոլոր կառավարությունների ծրագրերն էլ սիրուն են, բայց ոչ մեկը չի իրականացել: Այս նոր կառավարության ծրագիրն էլ  նախորդ բոլոր ծրագրերից սիրունն է, բայց իրականացնելու հարցն է  մնում օդում կախված: Հնարավո՞ր է այն իրականացնել, թե՝ ոչ: Հարցն այն է, որ այսօր Հայաստանում փոփոխությունների ձգտում է ընդամենը մի մարդ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը. իշխանական համակարգը այդ փոփոխությունները չի ուզում, ընդդիմությունը նույնպես չի ուզում, ժողովուրդն էլ անհույս ու անտարբեր է: Իսկ սա շատ ծանր դեպք է: Մենք պետք  է փորձենք հասկանալ՝ ինչու այս ծրագիրը ներկայացվեց: Իշխանական համակարգի մեջ չէր հասունացել փոփոխությունների ձգտումը, որտեղից եկավ փոփոխությունների ձգտումը»:

Մեր հարցին՝ ընտրություններից առաջ փոփոխությունների իմիտացիայի փո՞րձ է արվում, պարոն Պեպանյանը պատասխանեց. «Էլի ենք տեսել ընտրություններ, ու այս կարգի նախընտրական քայլ չի արվել: Ձևեր են թափել, ամեն ինչ լավ է, այս մեկը մի քիչ դժվար ըմբռնելի է: Առայժմ որոնումների մեջ եմ, վերջնական արդյունք չունեմ, պետք է հասկանալ՝ ինչպես եղավ սա, ովքեր են կնքահայրերը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31