Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքական դաշտ, մտավախություն չունե՞ն, որ Գագիկ Ծառուկյանը կխլի ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, «Հայկական վերածննդի» ձայները, չե՞ն պատրաստվում պայքարել նրա վերադարձի դեմ: Նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի վերադառնալու որոշումն իր որոշումն է, ինքը պետք է որոշի: Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդի» ձայներին, մեր ձայները, դա մեր ձայներն են, պայմանավորված են մեր աշխատանքով, մեր կուսակցականներով եւ այն աշխատանքով, որը կատարում ենք: Այդպիսի մտավախություն մենք չունենք: Ընտրական գործընթացը մրցակցություն է, բնականաբար, կուսակցությունները մրցակցելու են: Բայց մտավախություն, որ որեւիցե մեկը կգա ու կխլի մեր ձայները՝ մենք չունենք»:
Մենք ճշտեցինք՝ ասացիք, որ Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է իր վերադարձը, բայց նա՞ էր որոշել, որ պետք է գնա, որ հիմա էլ նա որոշի վերադառնալը՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Իր վերադարձի որոշումն ինքը պետք է կայացնի: Իր վերադառնալ-չվերադառնալն իր որոշման խնդիրն է»:
Մենք նորից ճշտեցինք՝ այդ որոշումն ի՞ր տիրույթում է՝ պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, իր որոշման խնդիրն է վերջիվերջո: Թե դա ինչպես եք դուք անվանում՝ տիրույթում, մոտեցումով, դրդապատճառներով՝ դա ձեր խնդիրն է: Մենք գտնում ենք, որ իր որոշման խնդիրն է, ինքն է հաշվի առնում բոլոր գործոնները, բոլոր խնդիրները եւ ինքն է վերջնական որոշումն ընդունում»:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի անհրաժեշտությունը քաղաքական դաշտում տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց, որ հարցը հասցեական չէ. «Պարոն Ծառուկյանը կորոշի վերադառնալ, կհաշվի բոլոր գործոնները, իր որոշելիքն է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ քաղաքական գործիչները քանի որ չեն կարողանում արդյունքի հասնել, ոնց որ ստիպված ինքն է վերադառնում, իսկ ինչո՞ւ դուք լավ չեք աշխատում, որ գործարարն է գալիս քաղաքական դաշտ՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք այնքան, որքանով որ մենք հնարավորությունները ունենք եւ այնքանով, որքանով քաղաքական հնարավորությունները տրված են»:
Նա ասաց, որ իրենց աշխատանքի գնահատականը տալիս է ընտրողը եւ այդ աշխատանքի արդյունքները կերեւան ընտրությունների ժամանակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ