Առկա իրողությունները պարտադրում են խորքային բարեփոխումներ, որի առանցքում ՀՀ քաղաքացին է լինելու`նրա բարեկեցությունն, անվտանգությունն ու ապահով կյանքը: Դասական մեթոդներով դա հնարավոր չէ անել: Այս համատեքստում վերագնահատում են պահանջում նաեւ նախկին ծրագրերը`հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմամբ: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կառավարության ծրագրի ընդհանրական նկարագրությունն այսպես ձեւակերպեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Իսկ ավելի տեւական ժամանակի համար, ըստ բանախոսի, կառավարության ծրագիրը տնտեսական աճի միտում է արձանագրում`տնտեսվարող սուբյեկտին աջակցելով, ինքնազբաղված քաղաքացիների համար հարկային բեռը ընդհանրապես հանելով:
Նկատի ունենալով Ադրբեջանի հետ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակը, որ դա դեռ երկար շարունակվելու է, այն որ մեր հարեւանն իր թվապես եւ տնտեսապես առավելությունն օգտագործելու է մեր դեմ, Գագիկ Մինասյանն ասում է`զարգացման այլընտրանք չունենք:
Նա կառավարության ծրագրում դրական է համարում նաեւ Իսրայելի օրինակով ազգ-բանակ գաղափարի որդեգրումը, ինչի գործնական արտահայտությունը դեռ կտեսնենք:
6-7 ամսվա կտրվածքով դժվար կլինի խոսել ցուցանիշների մասին, դա միտումների ժամանակահատվածը կլինի, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի առարկայական ծրագիր կտեսնենք`ասում է իշխող ՀՀԿ-ի ղեկավար մարմնի անդամը:
Կարդացեք նաև
2017-ի բյուջեից Գագիկ Մինասյանը չխոսեց, երկուշաբթի օրվանից խորհրդարանական հանձնաժողովներում քննարկումները կսկսվեն, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
Aravot.am-ի հարցին իսկ ինչո՞ւ է 40 միլիարդով թերակատարվել 2016-ի բյուջեն, մեր զրուցակիցը երեք գործոնով պայմանավորեց: Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարը կանխատեսել էր, որ մինչեւ տարեվերջ թերակատարումը կկազմի 60 տոկոս: Ի՞նչ անդրադարձ կունենա այս թերակատարումը գալ տարվա տնտեսական իրավիճակի վրա`տեսանյութում:
Իբրեւ դրական ցուցանիշ, Գագիկ Մինասյանը նկատում է, որ Հայաստանից արտահանումը մեծացել է: Եթե նախկինում արտահանում-ներկրում հարաբերակցությունը 1-3 էր լինում, այժմ երկուսից էլ պակաս է ներկրման ցուցանիշը ու եթե դա հաջողվի պահպանել`դրական զարգացումներ կունենանք:
Դեֆոլտի վտանգի մասին էլ, ինչն ահազանգել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Մինասյանն ասաց`նման վտանգ չկա:
Մանրամասները`շուտով տեսանյութում
Գերիշխող դիրքի չարաշահման բացառման հնարավորությունները, ինչն արձանագրված է կառավարության ծրագրում եւ խոստանում է վարչապետը, ՀՀԿ-ական պատգամավորը տեսնում է: Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով էլ ասում է`հավասար տնտեսական պայմանների ապահովումը կկարգավորի այդ հարցը: Դա կարվի կոշտ, կոպիտ մեթոդներով, թե այլ կերպ`իր համար նշանակություն չունի: Ավելին, ինքը գտնում է, որ անգամ ոչ ստանդարտ գործիքակազմով պետք է դա անել, ինչպես կառավարության ծրագրում է գրված:
Հարցին`այս ընթացքում աղմկահարույց ձերբակալություններ, հրապարակային դատափետումներ կլինե՞ն, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ինձ համար ամենակարեւորը ձերբակալումները չեն: Կարեւոր է, որ դաշտը հավասար եւ արդար լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ