Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե Ծառուկյանի համակիրների համար իր կարիքը կա, բայց ես իր համակիրը չեմ». Զարուհի Փոստանջյան

Հոկտեմբեր 28,2016 12:04

«ՀՀ-ում ավտորիտար համակարգը չի փոխվում, ուղղակի փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հասարակությունը՝ դեպի այդ ավտորիտար համակարգը»,- «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպիսի եզրակացության է եկել կառավարության ծրագրի եւ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի, իր խոսքերով՝ «ընտրված լրագրողների» հետ մամուլի ասուլիսից հետո:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կառավարության ծրագրում Ընտրական օրենսգրքին պետք է անդրադարձ լիներ, որովհետեւ այս ընտրական օրենսդրությունը ՀՀ-ից դուրս հայաշատ քաղաքների մեր հայրենակիցներին հնարավորություն չի տալիս մասնակցել ընտրություններին եւ ունենալ իրենց պատգամավորները խորհրդարանում:

Ազգային անվտանգության նոր հայեցակարգ պետք է ընդունվի, որը չկա: Ըստ պատգամավորի, կառավարության ծրագրում պետք է ներառված լիներ քառօրյա պատերազմի գնահատականը, թե ովքեր են մեղավոր. «Մենք գիտենք, որ թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը պատասխանատվության չի կանչվել»:

Նա ասաց, որ այս 6 ամիսները մենք կարող էինք օգտագործել ճիշտ ուղղությամբ:

Մեր հարցին՝ Դուք Ձեր ելույթներում բազմիցս մտահոգություն եք հայտնել, որ Գագիկ Ծառուկյանին արգելում են քաղաքականությամբ զբաղվել, հիմա Ծառուկյանը հայտարարել է, որ հնարավոր է բացի գրքի փակված էջը, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում իր վերադարձին՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն անդամակցում է թիվ 1 քաղաքական կառույցին՝ ԱԺ-ին, որպես պատգամավոր շարունակում է մնալ: Հետևաբար` չի հեռացել քաղաքականությունից, ուղղակի նրան արգելել են ղեկավարել ԲՀԿ-ն: Հիմա հասկանում ենք, որ այդ արգելքը վերացել է: Սա ավտորիտար ռեժիմին բնորոշ իրականություն է, որ մեկին արգելում են, հետո թույլ են տալիս: Ասում են՝ դու չպետք է զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պետք է զբաղվես»:

Մենք ճշտեցինք՝ Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ եթե քաղաքական գործիչները չեն կարողանում մի արդյունքի հասնել, իմ կարիքը կա, ես այդ դեպքում կգամ, Դուք իր կարիքը զգո՞ւմ եք քաղաքական դաշտում՝ նա պատասխանեց. «Միգուցե իր համակիրների համար իր կարիքը կա, բայց ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ նրա կարիքը կա»:

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը կրկին Ծառուկյանի կարիքը զգաց, ի՞նչ է փոխվել՝ նա պատասխանեց. «Եկեք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ ապրիլին եւ աշնանը: Փոխվեց կառավարության հիմնական կազմը՝ ի դեմս վարչապետի: Ոչ միայն ավտորիտար ռեժիմի ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի կարծիքն է այստեղ գերիշխում, այլ նաեւ ՌԴ-ն իր դերակատարությունն ունի: Խնդիր կա վերահսկելու ընդդիմադիր ժողովրդի կարծիքը: Խնդիր կա մեղմելու տնտեսական ճգնաժամը»:

Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանի առաքելությունը շուտով կերեւա, իրենք կհրապարակեն, բայց խնդիրն այն է, որ մեղմեն ատելությունը եւ տնտեսական ճգնաժամը. «Հիմնականում հայտարարվում է, որ պետք է ընդդիմադիր դաշտը միանա: Բայց ընդդեմ ինչի՞ միանա, միանա, որ տեղի ունենա իշխանափոխություն: Իշխանափոխություն լինի, բայց իշխանության գալիս է ո՞ր ուժը: Խնդիրն այն չի, որ անձինք փոխվեն: Հիմա վարչապետի անուն ազգանունը, դեմքը փոխվել է, բայց էությունը նույն է մնացել: Մենք ծրագրերով պետք է խոսենք մեր դեմ լինելը»:

Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ եթե հիմա Ծառուկյանին խնդրել են, ասել են, հրամայել են, որ նորից գա իր գործառույթն իրականացնի՝ չի հաջողվելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31