Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծ Մերուժանը ձերբակալությունից առաջ տեսել էր դատավոր Իշխան Բարսեղյանին՝ մի «վանող» անձնավորության հետ

Հոկտեմբեր 28,2016 11:35

Այսօրվա «Հայկական ժամանակ» թերթից  տեղեկացա, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին ձերբակալվել է դատավոր Իշխան Բարսեղյանը (լուսանկարում): Այս լուրը ինձ զարմացրեց այնքանով, որ այդ նույն երեկոյան, ձերբակալությունից 2 ժամ առաջ ես հանդիպեցի Իշխան Բարսեղյանին մի անձնավորության հետ կանգնած: Այդ անձնավորությունը ով էր, իրենից ինչ էր ներկայացնում, ինչպիսի պետական մարմնի ներկայացուցիչ էր՝ չեմ կարող ասել: Բայց գարշահոտ դիմանկար ուներ նա եւ վանող էր իր արտաքինով:

Ես չէի ցանկանում, որ այդ անձնավորության հետ շփվեր Իշխան Բարսեղյանը, ում ես ճանաչում եմ ավելի քան մեկ տարի: Բայց որքան ջանքեր թափեցի դադարեցնելու նրանց շփումը, ցանկանալով  Իշխանին հասկացնել, որ այդ մարդը վտանգավոր տիպ է երեւում, այդպես էլ չկարողացա:

Եկավ, մի մեքենա կանգնեց Շենգավիթի դատարանի մոտ, անձնավորության հետ Իշխան Բարսեղյանը նստեց, ինձ ցտեսություն ասաց, եւ մեքենան շարժվեց:

Merujan

Մերուժան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ինչպիսի հանգամանքներում եւ ինչու է ձերբակալվել Իշխան Բարսեղյանը՝ չեմ կարող գուշակել: Բայց Իշխան Բարսեղյանի հետ գտնվող այդ մարդը հետապնդող անձնավորության տպավորություն էր թողնում: Թե ինչու Իշխանը չէր ընկալում այդ երեւույթը, ինձ զարմացնում է:

Այսուհետեւ գուցե անձինք գտնվեն, որ վկայություններ կտան Իշխան Բարսեղյանի անցյալի կամ ներկայի մասին, ոմանք կվկայեն ճշմարտությունը, ոմանք կզրպարտեն: Ժողովրդական խոսք է՝ եզն ընկավ, դանակավորները շատացան: Ես ափսոսում եմ այդ մարդուն եւ ցավում եմ կատարվածի համար: Ի լրումն վերոհիշյալ ասածիս, ինձ համոզում է հակառակը այն մեղադրանքների, որոնք նշված են թերթում, քանզի քիչ չեն ինչպես կոմունիստների ժամանակ, այդպես էլ այսօր, ակնհայտ անմեղ անձի նկատմամբ ստեղծվող արհեստական մեղադրանքները: Քիչ չեն նաեւ այսօր հանիրավի դատապարտված անձինք, ովքեր վաղը արդարանալու են եւ ամոթանք են տալու իրենց նկատմամբ մեղադրանք հարուցողներին:

Մերուժան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Հ. Գ. «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Մեր տեղեկություններով, նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ: Դատավորը ձերբակալվել է փողոցում:

Նույն շրջանակներից հայտնում են, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել եւ հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է: Ընդ որում, խոսքը շատ փոքր գումարի մասին է՝ 500-1000 դոլար: Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:

Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31