Հայաստանում բարձրաստիճան չինովնիկների կամ դատավորների աշխատավարձը բարձրացնելիս՝ առաջին հիմնավորումն այն է, որ այդպիսով նվազում են կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի աշխատավարձը 1 միլիոն 716 հազար դրամ է։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ամեն ամիս ստանում է 1 միլիոն 425 հազար դրամ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը՝ 1 միլիոն 360 հազար դրամ։ Եթե այս գումարին ավելացնում ենք նրանց ամսական կաշառքը, հեքիաթային թվեր ենք ստանում։
Նման աշխատավարձ սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, դատավորների համար, ըստ էության, լեգալացված ոտնձգություն է պետական բյուջեի հանդեպ։ Գործող խորհրդարանում, օրինակ, պատգամավորների մեծամասնությունը կոճակը սեղմում է՝ առանց օրինագծերը կարդալու, առանց պատկերացնելու՝ ինչի օգտին կամ ինչի դեմ է քվեարկում։ Որոշ պատգամավորների համար մինչ օրս անհայտ է դանակ-պատառաքաղի գյուտի իմաստը։ Հետեւաբար, 660 000 դրամով կոճակ սեղմելը չափազանց թանկ վարձատրվող գործողություն է, որը, հիշեցնեմ, վճարվում է հարկատուներիս հաշվին, պետական բյուջեից։
2015 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ մեկ այլ՝ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը։ Ըստ այդմ՝ պետությունը նպատակահարմար է գտել բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձը՝ 50 000-ից դարձնելով ամբողջ 55 000։ Ինչո՞ւ պետությունն այդքան շռայլ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի եւ սեփական բարեկեցության հարցերում, սակայն գտնում է, որ 55 000 դրամն այնքան էլ քիչ չէ աստիճան չունեցող մարդկանց համար։ Ըստ սոցապ նախարարության պաշտոնյայի՝ աշխատավարձերը սահմանելիս հաշվի են առնվում ծառայողների պատասխանատվությունը, ծանրաբեռնվածությունը, տվյալ աշխատանքի պատասխանատվության աստիճանը։
Ի վերջո, որքան էլ պետական բյուջեից, օրենքով բարձրացվում են պետական ծառայողների ու հատկապես՝ բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերը, նրանք, միեւնույն է, այդ աշխատավարձով չէ, որ ապրում են։ Հիշո՞ւմ եք, երբ ԲՀԿ-ն դեռ «ձիու վրա» էր, ԲՀԿ առաջնորդը հրապարակայնորեն նկատեց, թե լրացուցիչ վարձատրում է իր նախարարներին, որպեսզի վերջիններս պետական գանձարանի վրա աչք չունենան։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում