Հավանաբար, նկատել եք՝ երբ պարեղանակը մոտենում է ավարտին, նվագողները պարողներին էլ ավելի «տաքացնելու» համար արագացնում են տեմպն այնպես, որ ի վերջո երաժշտությունը հնչում է երկու անգամ ավելի արագ: Այդպես է ոչ միայն մեր՝ հայերիս մշակույթում, այլեւ շատուշատ այլ ազգերի պարերի դեպքում, եւ այդ հնարքը ժողովրդական արվեստից անցել է նաեւ դասական երաժշտություն, որտեղ այն կոչվում է alla breve (իտալերենից թարգմանած՝ հակիրճ, արագ ձեւով): Իսկ հարսանիք նվագողները դա անվանում են՝ «նա դվա», 6/8-ը հնարավորինս «պարզեցվում է» եւ դառնում է 2/2, նշանավորելով պարի վերջին՝ էքստատիկ փուլը:
Այս պահին «խորհրդարանական պարի» վերջին արարն է, եւ շուտով ամեն ինչ ընթանալու է արագացված տեմպով: Այսինքն՝ մոտակա երկու ամսում ով մտնում է քաղաքականություն՝ պետք է մտնի, ով վերադառնում է՝ պիտի վերադառնա, ով ամուսնանում է (քաղաքական իմաստով)՝ պիտի ամուսնանա, ով բաժանվում է՝ պիտի բաժանվի:
Հիշեցի 90-ականների սկզբի «բացահայտվելու» գործընթացը. մասնավորապես, նրանք, ովքեր խորհրդարան էին մտել որպես կոմունիստներ կամ ՀՀՇ-ականներ, սկսեցին «բացահայտվել» որպես դաշնակցականներ: Այսինքն՝ այդ մարդիկ, կարելի է ասել, մանկուց դաշնակցական էին, պարզապես ինչ-ինչ պատճառներով թաքցնում էին դա, եւ ահա՝ եկել էր պահը քաղաքական նախասիրությունների մասին հրապարակավ հայտարարելու:
Այդպես էլ հիմա. եկել է բացահայտվելու պահը: Նա, ով սուսուփուս նստած էր Բաղրամյան-26-ում, պարզվում է՝ ամենեւին էլ պետական չինովնիկ չէր, նա ընդդիմության խորը թաքնված լրտես էր: Հաստատ տեսած կլինեք ամերիկյան ֆիլմերում. работа под прикрытием, երբ ոստիկանը կամ հատուկ ծառայությունների աշխատակիցը մտնում է քրեական միջավայր՝ բոլորի դիմակները պատռելու նպատակով:
Կարդացեք նաև
Նման հետաքրքիր բացահայտումներ էլի կլինեն: Պատահական չէ, որ լրատվամիջոցները փորձում են գուշակել՝ 1-ին եւ 2-րդ նախագահները՝ 3-րդի՞ դեմ, 1-ինը եւ 3-րդը՝ 2-րդի՞ դեմ, թե՞ 2-րդն ու 3-րդը՝ 1-ինի դեմ: Այդ երեք՝ ոչ բարդ կոմբինացիաներից են կախված քաղաքական ուժերի վերադասավորումներն ու ալյանսները: Ավելի շուտ՝ ոչ թե ալյանսները, այլ դաշինքների մասին հայտարարությունները, որովհետեւ ցանկացած կուսակցություն եւ ցանկացած անհատ իրեն այնքան հզոր եւ ազդեցիկ է համարում, որ նման միավորումը պատկերացնում է որպես միավորում իր հանճարի շուրջ՝ «տրամաչափի խնդիր է, եղբայր»:
Դրա համար էլ ենթադրում եմ, որ մոտակա ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են հնչելու հայտարարություններ նոր կուսակցությունների եւ նոր դաշինքների մասին: Իրադարձությունների պարբերականությունը խտանալու է: Պարը դառնալու է ավելի կրակոտ եւ կրքոտ: Բայց, ի վերջո, մեկը կասի՝ «հարգելի սեղանակիցներ, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ լցնել բաժակները»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լավն է…
Չէ, ֆինալը այդպիսին չէ: Վերջում մեկը գոռում է `”հոպ, հավասար պպզեցինք”: Բոլորը պպզում են: Եվ նոր արդեն սկսվում է կերուխումը: