Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ նոր էի պատգամավոր դարձել, տառապում էի, ինձ հալածում էին»

Հոկտեմբեր 28,2016 17:00

Երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ ՀՀԿ ցուցակում հայտնվելու, իրեն քննադատողների  եւ կանանց թերագնահատող անհաջողակ տղամարդկանց մասին:

«Ես բոլորովին ֆեմինիստական շարժումների համակիրներից չեմ, որովհետեւ Աստված կատարյալ է ստեղծել այս աշխարհը: Բայց միաժամանակ չօգտվել կանանց շնորհներից բոլոր դաշտերում՝ թե՛ քաղաքական, թե՛ սպորտի, թե՛ այլ դաշտերում, որտեղ, որպես կանոն, կանայք ընդունված չեն, սխալ է: Կանայք ունեն գույներ իրենց մեջ, որ չունեն տղամարդիկ: Շատ հաճախ կանանց գույներն օգնում են՝ ընդհուպ մինչեւ դիվանագիտական աշխատանքների մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում քաղաքականություն մտնելու իր դժվարությունների մասին խոսեց ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Նա գտնում է, որ տղամարդկանց կողմից երբեմն թերագնահատվում են կանայք, կանանց մտքերը. «Ի սկզբանե ժխտողական տրամադրվածություն կա: Չեմ ընդունում: Մեծագույն արվեստ է լսել կարողանալը եւ հասկանալը: Այդ առումով, իհարկե, կռիվս ունեմ»:
Ասացվածք կա՝ պետք է կանանց լսել եւ անել ճիշտ հակառակը: Շուշան Պետրոսյանը գտնում է, որ դա անհաջողակ տղամարդիկ են ասում. «Հաճախ տղամարդիկ՝ գիտակցելով, որ կինը ճիշտ բան է ասում, մտածում են, որ եթե համաձայնեն իր հետ, իրենց արժանապատվությունը դրանից կընկնի: Բնավ նման բան չկա: Ի վերջո, եթե ծառայում ես գաղափարի համար, որն ուզում ես, որ դափնիներով հյուսվի եւ հաղթական ավարտ ունենա, պիտի անպայման օգուտ քաղես իմաստուն խոսքից: Կապ չունի՝ դա կին է ասում, թե տղամարդ»:

Մեր հարցին՝ երգչուհու կարիերայից հետո, երբ քաղաքական դաշտում հայտնվեցիք, ըստ Ձեզ, ինչո՞ւ հասարակությունն այդպես բուռ արձագանքեց, լավ չընդունեց Ձեզ՝ տեսնելով ՀՀԿ ցուցակում, նա պատասխանեց. «Որովհետեւ իմ երգն իրենցն է, ինձ ավելի որպես հարազատի են ընկալում: Սա հարցի մի կողմն է: Բացի այդ, պատգամավորի կերպարը շատ խեղաթյուրված է սխալ քայլերի, սխալ վարքի պատճառով: Ընդհանրացվում է մյուսների վրա: Ես հրաշալի պատգամավոր ընկերներ ունեմ, որոնց հարգում եմ»:

Շուշան Պետրոսյանը պատմեց, թե ինչքան դժվար օրեր է ունեցել, երբ պատգամավոր է դարձել. «Ես մեծ դպրոց անցա պատգամավոր դառնալով՝ մարդկային շփումների առումով: Մինչ այդ ես կարծում էի, թե ես տիրապետում եմ բեմին: Ես ԱԺ-ում երբեք չեմ օգտագործել իմ այն շնորհները, որ ունեցել եմ մշակույթում: Շատ հետաքրքիր աշխատանք էր, շատ բաներ իմացա, որ չգիտեի: Ամենակարեւորը այս ամենի մեջ այն էր, որ երբեք չչարացա: Ուժեղ մարդը երբեք չի չարանում, չարանում է թույլը: Երբ նոր էի պատգամավոր դարձել, տխրում էի սկզբում, շատ ծանր էի տանում, տառապում էի, երբ հալածում էին: Մտածում էի՝ ինչո՞ւ, ի՞նչ եմ արել, չէ՞ որ չկա պատգամավոր մասնագիտություն: Դու իրավունք ունես քո ասպարեզի, քո մասնագիտության խնդիրները բարձրաձայնելու: Ես մեղավոր չեմ, որ մշակույթը պասիվ է եղել, ես փորձել եմ անել եւ արել եմ ինչ-որ բաներ: Ես եկել եմ աշխատելու, եւ աշխատել ու աշխատում եմ»:
Շուշան Պետրոսյանը հիշեց, թե ինչպես է հայտնի երգիչներից մեկը քննադատել իր պատգամավորական գործունեությունը. «Երրորդ տարին էր արդեն, որ պատգամավոր էի: Ասացի՝ որ այ էսպես խոսում ես, հետաքրքրվե՞լ ես, թե ես ինչ եմ անում: Ասաց՝ ես դեռ ոչինչ չեմ տեսել: Ասացի՝ իսկ հետաքրքրվե՞լ ես, ո՞նց կարելի է առանց իմանալու, առանց ինֆորմացիա ունենալու միանգամից քար նետել: Հետո ինձ տեսավ Արցախում, տեսավ ցեխոտ, բանվորական շորերով աշխատում էի: Կարծում եմ՝ ամաչեց»:

Մենք հետաքրքրվեցինք՝ վերջերս Դուք հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ավելի շատ Դուք եք տվել ՀՀԿ-ին, քան ստացել եք ինչ-որ բան, զղջո՞ւմ եք, որ պատգամավոր եք դարձել եւ քաղաքական դաշտ եք մտել, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ տուժել եմ: Այնքան թանկ արժե ժողովրդի հարգանքն ու սերը՝ ոչ միայն որպես երգչուհի, որպես մարդ, որպես պատգամավոր, որ աշխատում է իրենց համար: Քաղաքականություն մտնելն ինձ տվեց աշխատանքային մեծ փորձություն, տվեց փայլուն արդյունքներ: Ես ցույց չեմ տալիս ամեն բան, ինչ անում եմ, տարեվերջին կներկայացնեմ այն, ինչ արել եմ պատգամավորական աշխատանքի տարիներին: Ես երբ եկա այստեղ, ես եկա աշխատելու, չեկա ինչ-որ բան դիզելու եւ իմ կյանքը փոխելու: Այո, կարող էի մի քանի երգ ավելի ձայնագրել: Այս տարիներին ձայնագրել եմ սիրված երգեր, որոնք մնացին՝ Մարտակերտի հիմնը մնաց, Արցախի հողումը, արցախյան ժողովրդական երգը, ձայնագրեցի Վարդուհի Վարդանյանի երգացանկից «Կարոտ» երգը: Մեծ հաշվով, աշխատանքը կա, չի տուժում»:

Շուշան Պետրոսյանը վստահեցնում է, որ պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ թյուր կարծիք կա. «Ի՞նչ անձեռնմխելիություն: Ավելի ձեռնմխելի, քան ե՞ս: Ուրեմն ես չպե՞տք է իմ քաղաքով քայլեմ, իմ սրճարանում նստեմ: Պիտի չգնա՞մ կանաչի ծախող տատիկից կանաչի առնեմ կամ լիմոն ծախող պապիկից՝ լիմոն: Հիմնականում այն տեսակը, որոնք ռմբակոծում են ինձ իրենց «գեղեցիկ բառապաշարով», քննադատելուց առաջ իմ որեւէ ելույթ լսե՞լ եք, որեւէ նախագիծ, որեւէ առաջարկ, որ եղել է: Չէ՞ որ արվել է այդ ամենը»:

Թե ինչու որոշեց պատգամավոր դառնալ, Շուշան Պետրոսյանն այսպես բացատրեց. «Գաղափարը ծնվեց անվերջ կարդալուց, որ երկիրը լքում են, հատկապես դատարկվում են սահմանամերձ շրջանները: Ազատագրված տարածքները դատարկելն անթույլատրելի է ինձ համար: Դավաճանության պես մի բան է: Մշակույթի մասով ձանձրույթ էր, որեւէ զբաղմունք չունեն երիտասարդները: 21-րդ դարում երիտասարդը ժամը 7-ին գնա տատիկ-պապիկի կողքը պառկի քնի՞, առավոտը դաշտ գնա, էլի գա քնելո՞ւ: Դա եղավ պատճառ, որ ես մեծ ծրագիր որոշեցի իրականացնել՝ մշակույթի տներ վերանորոգել, կինոթատրոններ կառուցել: Իսկ դա ես չէի կարող անել մինչեւ պատգամավոր լինելը: Ես մտածում եմ, որ փոխանակ ողբերգական դեմքերով բողոքեն, պետք է ամեն մեկն ինքն իրեն հարց տա՝ իսկ դուք ձեր չափով ի՞նչ եք արել: Մատաղիսում՝ գրադարան, Թալիշում՝ ձեռքի աշխատանքի խմբակ, Մարտակերտում՝ կինոթատրոն: Արել եմ այնքան, ինչքան կարողացել եմ»:
Երգչուհու պատգամավորական գործունեությունից ընտանիքը չի տուժում. «Հակառակը՝ հյուրախաղերի չեմ գնում եւ ավելի շատ ժամանակ եմ լինում ընտանիքիս հետ»: Ավելին՝ Շուշան Պետրոսյանը նաեւ լավ խոհարար է: Պատգամավորի խոսքով՝ չես կարող մի քիչ հղի լինել. «Եթե ես պերֆեկցիոնիստ եմ, ուրեմն պիտի ամեն տեղ լավ լինի»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

27.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Բրավո, պարոն Աբրահամյան, այնտեղ հասաք որ Շ. Պետրոսյանին դեֆերամբներեք տպագրում..? Լավ մտացելեք?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31