Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգահովիտցին նոր վառարան է հորինել, որ ապրուստը թեթեւացնի՝ չարտագաղթի

Հոկտեմբեր 28,2016 16:30

Սակայն այս գյուղում ոչ բոլորն են այդպես վարվում` փակ դռներ էլ շատ կան

Մարգահովիտ գյուղը հայաստանյան շատ գյուղերի պես՝ չնայած գազիֆիկացված է, բայց մարդիկ տան ջեռուցումը դեռ փայտի վառարաններով են ապահովում:
Գյուղացիները նշում են, որ գազը թանկ է, փայտի վառարան են դնում ու դրա վրա ե՛ւ ճաշ են եփում, ե՛ւ լողանալու համար ջուր տաքացնում:

Գյուղի բնակիչ Արմեն Սաֆարյանը այս տարվանից իր պատրաստած վառարանով է ջեռուցելու ամբողջ տունը. «Այն, ինչ որ վառվում է, կարելի է օգտագործել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Մարգահովիտի բնակիչը: Նա դեռեւս վառարանի պատրաստումը արտադրական չափերի չի հասցրել` պատրաստել է միայն իր եւ ծանոթ-բարեկամների համար. «Հնարավորությունը, խելքը, ամեն ինչը կա, մնում է մարդկանց ձեռքը մի քիչ փող լինի, որ արտադրություն դնենք, մի քանի մարդ էլ աշխատող ընդունենք ու աշխատենք: Երբ որոշակի քանակի պահանջարկ եղավ, այն ժամանակ էլ արտադրություն կբացեմ»,- նշեց մեր զրուցակիցը:

222

Նա պատմեց, որ վաղուց էր մտածել վառարան պատրաստելու մասին` տեսականորեն գիտեր, բայց պրակտիկապես պետք էր, իր ասելով օգտագործեր՝ առավելություններն ու թերությունները լավ իմանալու համար:

Արմեն Սաֆարյանը մանրամասն ներկայացնելով իր ստեղծած վառարանի առավելությունը՝ ասաց. «Այս վառարանը ունի երկու խցիկ` վերեւի եւ ներքեւի: Վերեւի խցիկում փայտը վառվելու ժամանակ անջատվում է պիրոլիզ գազ, եւ թթվածնի մուտքը նվազեցնելու հետեւանքով այրման խցիկում արտադրված գազը ճնշման միջոցով մղվում է երկրորդ խուց՝ ներքեւի, որտեղ թթվածնի հետ շփվելուց բռնկվում է եւ ինչպես գազը` վառվում: Այնուհետեւ ջերմափոխադրիչների միջոցով ջրի մակերեսի հետ շփվում է եւ տաքություն փոխանցում»:

Բացի վառարան պատրաստելուց՝ նա ունի առեւտրի կենտրոն, եւ թեպետ իր նկարագրելով՝ առեւտուրը գյուղում այդքան էլ «ոգեւորող» բիզնես չէ, բայց գոնե կարողանում է իր ընտանիքը պահել եւ ինչպես իր մյուս շատ համագյուղացիներ` չարտագաղթել գյուղից. «Քաղաքում որ մտնում ես խանութ, վաճառողը քեզ չի ճանաչում, բայց իմ հաճախորդները իմ բարեկամ, հարազատներն են, գալիս ասում են` թոշակի ժամանակ կտանք գումարը եւ հիմնականում պարտքով են առեւտուր անում: Եթե ժողովրդի ձեռքին փող չկա, ո՞նց պիտի լինի առեւտուրը, էս տարի բերք չի եղել: Մեր գյուղում կարտոֆիլով էին մարդիկ յոլա գնում, այն էլ էս տարի բացարձակ բերք չեղավ` հիվանդություն կար, հիմա ժողովրդի վիճակը շատ ծանր ա»: Պարոն Սաֆարյանը նշեց, որ իր խանությում ամենաշատ վաճառվող ապրանքները, հացից բացի, պայմանավորված են սեզոնային պահածոների փակման հետ. «Էս վերջերս դաշտից մասուր էին շատ բերում` կոմպոտ, մուրաբա պատրաստելու համար շաքարավազ էր հարկավոր՝ էդ էին շատ առնում, որոշ դեպքերում էլ` ձեթ»:

Մեր զրուցակիցը մինչեւ առեւտրին անցնելն էլ զբաղվել է անասնապահությամբ, բայց, իր նկարագրելով, այդքան էլ հաճելի գործ չի եղել, եւ թողել է. «Ես տան մեծն եմ եղել, 28 տարեկան եմ եղել՝ հայրս մահացել է, ու տան հոգսը ինձ վրա է ընկել: Իմ մեջ հայրենասիրությունը մի քիչ շատ է եղել, եւ ես երբեք չեմ ցանկացել հայրենիքից դուրս գալ: Քույրս 17 տարի է՝ Ամերիկայում է, եղբայրս 6 տարի է՝ Ռուսաստանում, բայց ես մնացել եմ իմ հայրենի գյուղում՝ էն դեպքում, երբ 12 տարի առաջ հնարավորություն կար ընտանիքով Ամերիկա գնալու, բայց չեմ էլ փոշմանել՝ «եղունգ ունեցող մարդը միշտ էլ կարող է գլուխը քորի»: Երկու աղջիկ ունեմ, իմ ոգով էլ իմ երեխեքին եմ դաստիարակել, մեկին մեր գյուղում եմ ամուսնացրել, մեկն էլ դեռ չի ամուսնացել` Երեւանում աշխատում է»:

Մարգահովիտ գյուղում բոլորը չեն, որ Արմեն Սաֆարյանի պես մնում են եւ փորձում իրենց ապրուստը ստեղծել գյուղական պայմաններում: Այստեղ փակ դռներ շատ կան:
Նադյա Հովհաննիսյանի դուռը թեպետ փակ չի եւ ապրում է աղջկա եւ վերջինիս երեխաների հետ, բայց օրվա հացը դժվարությամբ են ստեղծում: Տիկին Նադյայի ամուսինը 1970-ական թվականներից ամեն տարի սեզոնային աշխատանքի է մեկնում Ռուսաստան. «Ես մնացել՝ իր մորն եմ պահել, տունը, տեղը, երեխեքին եմ պահել, մեծացրել»:

3333

4-2

4-1

Մեր զրուցակիցը պատմեց, որ իր հետ ապրում է իր աղջիկը` Սուսաննան, եւ նրա 4 որդիները, որոնցից մեկը վերջերս ավտովթարից մահացել է: Տիկին Սուսաննայի պատմելով՝ իր երեխաներին դժվարությամբ, առանց ամուսնու աջակցության է պահել. «Փոքր տղաս չոչ էր անում, երբ ամուսինս մեկնեց Ռուսաստան ու այդպես էլ դեռ չի եկել»: Հիմա տիկին Սուսաննայի փոքր որդին 11 տարեկան է, իր 2 եղբայրների հետ ինքն էլ տան շատ գործերում օգնում է մորն ու տատիկին: 6 հատ կով ունեն, բայց կաթ ու մածուն չեն վաճառում. «Էնքան որ մեզ յոլա ա տանում, կաթը, մածունը, պանիրը չառնելու համար ենք պահում»,- նշեց տիկին Նադյան` ավելացնելով, որ իր կամքին մնա, էդ կովերն էլ չի պահի, բայց առանց անասուն պահելու էլ գյուղում դժվար է ապրելը. «Առավոտից իրիկուն աշխատում, աշխատում ես, բայց արդյունքը շատ քիչ է: 30 հազար թոշակ եմ ստանում, դա փո՞ղ ա: Ամուսինս երբ կարողացավ փող ուղարկի եւ թոռներս էլ թե որ գյուղում ինչ-որ մեկին օգնելու գործ գտնեն եւ օրականով` 3-4 հազար դրամով աշխատեն, էդ ա, օր ա` գալիս, անց ա կենում, սա կյանք չի՝ դաժանություն ա»: Տիկին Նադյան դժվար կյանքը պատմելուց բացի՝ նաեւ ասաց, որ էլի գոհ է, որ կարողանում են իրենց օրվա հացը ստեղծել. «Մարդ կա՝ դա էլ չի կարողանում, թողնում գնում է, որն էլ մնում է` տանջվելով, չարչարվելով ապրում է»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

27.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31