Անալոգայինից թվային հեռարձակման անցնելուց հետո մեր երկրում շատ քաղաքացիներ, որոնք չեն տեղադրել համապատասխան սարքը` դեկոդերը, զրկված են հեռուստաալիքներ դիտելու հնարավորությունից, փոխարենը նրանց բնակարաններ բարձր որակով հյուրընկալվել են թուրքական ալիքները:
«Առավոտի» խմբագրություն դիմած մի քաղաքացի, որի խնդրանքով անունը չենք հրապարակում, վրդովմունք հայտնեց` ասելով, որ «պետության վարած նման քաղաքականությունը ծաղրանք է սեփական ժողովրդի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ երբ տարիներ առաջ որոշվեց թվայինի անցնել, հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Մարդիկ մտահոգություն հայտնեցին, որ թվային հեռարձակման համար սարք գնելը կամ նոր հեռուստացույց ձեռք բերելը լրացուցիչ ծախս է քաղաքացիների համար, եւ մարդիկ ի վիճակի չեն 10-15 հազար դրամ տալ այդ սարքերը գնել: Այս դժգոհություններից հետո կառավարությունը որոշում կայացրեց անապահովության ցուցակում ընդգրկված քաղաքացիներին դրանք անվճար տրամադրել: Սակայն եղան քաղաքացիներ, որոնք նպաստառուների ցուցակում գրանցված չեն, բայց ինչպես նրանք են նշում` պակաս անապահով չեն:
«Որ գաք իմ տուն՝ կտեսնեք, պարկետիս կեսը գոյություն չունի, տանը մի նորմալ գույք չունեմ, ես չեմ աշխատում, նպաստ ու թոշակ չեմ ստանում, միայն որդիս է ամբողջ օրը տանջվում, ու մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում: Ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնք պետությունից ոչ մի աջակցություն չունեն»,- կառավարության պատասխանատուներին հարցնում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Երբ ներդրվում էր այս նորարարությունը, գործընթացի համար պատասխանատու կառույցը` տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որպես առավելություն նշեց, որ այդուհետ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9 հեռուստաալիք, իսկ Արարատյան դաշտավայրին եւ Երեւանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18: Թվայնացումն էլ էականորեն կկրճատի հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան։ Նաեւ վստահեցրել էին, որ այն քաղաքացիներին, որոնք ընդգրկված չեն անապահովության ցուցակներում, սարքերը կտրամադրվեն մատչելի գներով: Սակայն անգամ 7 հազար դրամից սկսած սարքը մարդկանց համար մատչելի չէ:
«Եթե սնվելու համար ամսական 20 հազար դրամ էլ չի մնում, քանի որ մեր ընտանիքի բյուջեի 70-80 տոկոսը գնում է կոմունալ վարձերին ու դեղորայքին, էլ որտեղի՞ց գումար, որ մի հատ էլ սարք գնեմ, եթե անգամ ամեն ամիս 1000 դրամ էլ կողք դնեմ, ուրեմն երկու օր պիտի հաց չառնենք ու էդ սարքն էլ 7-8 ամսից նոր կարողանանք գնել: Իսկ մինչ այդ ստիպված պետք է լինենք թուրքական ալիքներ նայել: Թուրքական ապրանքների դեմ ենք պայքարում, բայց դրանք իրենց ոտքով գալիս մտնում են մեր բնակարաններ եւ ամենակարեւորը՝ անվճար ու առանց արգելքների»,- ասում է մեր զրուցակիցը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
27.10.2016