Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում երկու օր առաջ քննարկվեց արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը՝ պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:
Երկու անչափահաս երեխաների մայրը 2 տարի 11 ամիս գտնվեց ազատությունից դուրս: Այդ ընթացքում դուստրերի խնամքը իր վրա էր վերցրել Վ. Մ.-ի վատառողջ մայրը:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Վ. Մ.-ի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը, նման միջնորդություն Վ. Մ.-ի վերաբերյալ ներկայացվել էր առաջին անգամ, անկախ հանձնաժողովը միջնորդությունը հավանության էր արժանացրել, որից հետո միջնորդությունը քննարկվեց դատարանի կողմից և բավարարվեց:
Վ. Մ.-ն դատապարտվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 4 տարի ժամկետով ազատազրկման: Նա եղել էր անհատ ձեռներեց:
Կարդացեք նաև
Վ. Մ.-ն մեղադրվել էր «Արմավիա» ավիաընկերությունից տարբեր չվերթների «արտոնյալ» ավիատոմսեր ստանալու, իրացնելու, տարբեր գովազդային ծառայություններ մատուցելու համար, որոնք ձեւակերպված չեն եղել: Ըստ մեղադրանքի կողմի, նրա գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել էր 21 641 537 ՀՀ դրամի վնաս, ուղղակի պետությանը պատճառված վնասի չափը հետո փոխվեց, դարձավ 1.799.021 ՀՀ դրամ:
Դատախազը, որը հինգ տարի էր պահանջում, հանգել էր այն հետեւության, որ անհատ ձեռներեցը ոչ գործարքների, ոչ ավիատոմսերի ֆինանսական վիճակի վերաբերյալ հստակ իրավական, հաշվապահական ձեւակերպումներ չի կատարել, գործել է առանց պետական գրանցման, սակայն այդ մասին տեղյակ է եղել «Արմավիայի» վերնախավը, հանձին Միքայել Բաղդասարովի: Պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդեց, որպեսզի դատարան գա եւ որպես վկա հանդես գա Միքայել Բաղդասարովը: Այս գործով մեկ դրվագով 18 ավիատոմսեր է ձեռք բերել, սակայն գումարը հափշտակել է:
Վ. Մ.-ի գործով տուժող էր ճանաչվել «Բրենդ Մեդիա Տրանս» ընկերությունը: Վ. Մ.-ն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, մասնավորապես, չի ընդունել, թե իր գործողությունների պատճառով է անհետացել Բրազիլիա մեկնող ուղեւորների տոմսերը, ինչպես նաեւ՝ տուժող ճանաչված «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի» չվերթի ձախողումը կապ չի ունեցել իր աղմկահարույց գործի հետ:
Ազատությունից զրկված լինելով՝ կալանավորի հիվանդությունները տեղի են տվել:
Նա ուներ սրտի արատ, ինչը անազատության մեջ հնարավոր չէր բուժել, կամ՝ ինտենսիվ բուժումներով՝ վերահսկել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի
«Առավոտ»
27.10.2016