Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ասել երեխային, որ ամուսնալուծվում եք

Հոկտեմբեր 28,2016 14:00

Հոգեբանի խորհուրդները՝ նոր կյանք սկսողներին

Ամուսնությունը պատասխանատու քայլ է, սակայն նույնքան բարդ է ամուսնալուծվելը: Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների, վերջին 15 տարիների ընթացքում ամուսնալուծությունների թիվը ավելացել է 3 անգամ:
Ամուսնալուծվող ընտանիքում առաջանում է մի շատ կարեւոր հարց՝ ինչպե՞ս ասել երեխային, որ ամուսնալուծվում եք: Հոգեբան Աննա Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ երեխային նախապատրաստելը որոշակի գործընթաց է, որի ընթացքում նա պետք է հավատա, որ երկու ծնողներն էլ իրեն սիրում են, որ ինքը կարեւոր անհատականություն է, սակայն այնպես է ստացվել, որ հայրն ու մայրն այսուհետեւ առանձին են ապրելու: Հոգեբանի ձեւակերպմամբ, երեխային պետք է բացատրել, որ նա երկու ծնողի հետ շփվելու, ժամանակ անցկացնելու հնարավորություն է ունենալու:
Տիկին Բադալյանի խոսքերով. «Ավելի փոքր հասակում, թեեւ հուզական ֆոնը բարձր է, բայց ավելի հեշտ է երեխային նախապատրաստելը, իսկ պատանեկության շրջանում երեխան ինքն իր հետ ներքին պայքար ունի, եւ ավելանում է պայքարը նաեւ հարազատների հանդեպ»:

Մասնագետի կարծիքով՝ ամենասխալ բանն է, երբ ծնողները հանուն երեխայի չեն ամուսնալուծվում. «Երեխան ամեն ինչ զգում եւ հասկանում է: Պետք է երեխայի հետ հավասարը հավասարի պես խոսել»:

Ամուսնալուծվելուց հետո հնարավոր է՝ մեկ այլ մարդու հետ ամուսնանալու մտադրություն լինի, ինչպե՞ս այս մասին ասել երեխային:

Այս հարցի վերաբերյալ էլ Աննա Բադալյանն ասաց. «Իհարկե, շատ դժվար է լինելու, բայց յուրաքանչյուրն ունի սիրո իր բաժինը եւ պետք է հաշվի նստել երեխայի հետ ու բացատրել, որ նոր մարդը, որը պիտի մտնի նրա կյանք, իր սիրուց չի խլելու ոչինչ, եւ իրեն շարունակելու են առաջվա պես սիրել: Երեխային պետք է հասկացնել, որ նա խանդելու առիթ չունի»:
Մասնագետը գտնում է, որ չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ միայն երեխայի ասածով լինի, պետք է պարզապես սրտացավ մոտեցում ունենալ: Հոգեբանի խոսքով՝ եթե զրուցել եք երեխայի հետ, եւ ոչինչ չի ստացվել, պետք չէ հուսահատվել, եւ մի քանի անկեղծ զրույցներից հետո նա անպայման կգիտակցի, որ չի կորցնելու իր ծնողներին: Չէ՞ որ հենց կորցնելու վախը երեխային թույլ չի տալիս համակերպվել բաժանության մտքի հետ:
«Ամուսնալուծության դեպքում, երբ մարդիկ ունեին հույզեր, երազանքներ, ստեղծել էին ճակատագրեր, եւ այդ ամենը խաթարվել է, խիստ ցանկալի է մասնագիտական աջակցությունը, գուցե հնարավո՞ր է փրկել դեռ մի բան, իսկ եթե ոչ, ապա օգնել, որ ծնողները հեշտ տանեն այդ փաստը»,- հավելեց Աննա Բադալյանը: Նրա ասելով, ամուսնալուծությունն ամենածայրահեղ քայլն է, եւ անկախ ամեն բանից՝ ամեն երեխա արժանի է լիարժեք ընտանիք ունենալուն:
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ուսանողուհի
Լուսանկարը՝ bagiraclub.ru-ի:

«Առավոտ»

27.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31