Հոկտեմբերի 29-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը կհյուրընկալի գրող, գրականագետ Կարինե Ռաֆայելյանին: Առիթը նրա պատմվածքների նորատիպ ժողովածուն է՝ «Ժամանակի նոր չափումներում» վերնագրով: Գիրքը նվիրված է հեղինակի մոր՝ Սիրանուշ Գրիգորյանի հիշատակին:
Գրքում ընդգրկված պատմվածքները հիմնականում գրվել են մեկ-երկու տասնամյակ առաջ, բացառությամբ այն եզրափակող վերջին՝ «Ժամանակի նոր չափումներում» պատմվածքի: «Իրականում այս ժողովածուն կազմվեց եւ հրատարակվեց հանուն այդ մեկ պատմվածքի, որովհետեւ չցանկացա, որ այն մյուսների նման մնա-կորչի համակարգչիս անհաշիվ թղթապանակներից մեկում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Ռաֆայելյանը: Նա խոստովանում է, որ իր նորատիպ գիրքը առիթ է դարձել շատ կարեւոր եւ անսպասելի բացահայտումների, որոնք թե՛ ոգեւորության եւ թե՛ հիասթափության պահեր են պարգեւել իրեն:
Ժողովածուն բացող սեղմ առաջաբանում, որի հեղինակն է գրքի խմբագիր, գրականագետ Անի Փաշայանը, ասված է. «Ճկուն հյուսվածքը, ազատ պատումը, նոր գաղափարական հանգեցումների տանող նկարագրությունները հաճախ նորավեպին հատուկ ընթացք են ստանում, փակվում չսպասված տեղում: Դրանից շահում է պատումը, այն ավելի է կարեւորվում իր բոլոր մասերով, ամբողջանում մեկ տիրույթում՝ մարդու հոգու գաղտնարաններ տանող, կանչող, որ միշտ է հետաքրքիր»:
Գ.Հ.
«Առավոտ»
27.10.2016