Առողջ եւ գեղեցիկ ատամներ ունենալու համար պահպանեք հետեւյալ ցուցումները
«21-րդ դարում բավական չեն միայն լավ ատամի մածուկն ու խոզանակը, անհրաժեշտ է օգտագործել ատամնաթելեր, ողողման լուծույթներ եւ լեզվի խոզանակ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես ասաց ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը:
Մասնագետը մանրամասն նեկայացնելով, թե ինչպես պետք է կատարվի ատամների խնամքը, նշեց, որ ատամները խոզանակելուց հետո պարտադիր անհրաժեշտ է կոնտակտները մաքրել ատամնաթելերով, քանի որ ծամիչ ատամների 40 տոկոսը կմնա առանց մաքրելու. «Ատամնաթելը կտրել 30-40 սանտիմետր, փաթաթել երկու միջնամատերին կամ ցուցամատերին եւ զգույշ մտցնել միջատամնային կոնտակտային տարածք: Այնուհետեւ սկզբից սեղմում ենք թելը մի ատամին եւ անում մի քանի վեր-վար շարժում, չի կարելի առաջ-հետ շարժումներ անել, այնուհետեւ թելը հպում ենք մյուս կոնտակտին ու մյուս ատամին եւ դարձյալ նույն գործողությունը կատարում ու զգուշությամբ հանում ենք: Սակայն պետք է նշել, որ ատամնաթելը հակացուցված է պարադոնտիտի՝ լնդային հյուսվածքի բորբոքման ժամանակ, իսկ եթե ունենք առողջ լնդային հյուսվածք, ապա ատամնաթելը միայն օգուտ կտա»:
Սակայն, ըստ մասնագետի, պետք է այն շատ զգույշ կիրառել՝ հակառակ էֆեկտից խուսափելու համար՝ «Կվնասենք լնդային հյուսվածքը եւ ավելի կվատացնենք վիճակը լնդային հյուսվածքի»:
Կարդացեք նաև
Ատամնաթելերով մաքրելուց հետո բժիշկը նշեց, որ անպայման պետք է կատարել լեզվի խոզանակում, եւ որը չպետք է խառնել լեզվի մերսող խոզանակների հետ: «Այն բահանման տեսք ունի, որով քերում ենք լեզվի վրայի նստվածքը, միկրոբները, քանի որ լեզուն անհարթ օրգան է եւ նրա վրա չափազանց շատ միկրոբներ կան: Այսինքն, եթե այդ միկրոբները չմաքրենք, 5 րոպե հետո դրանք կհայտնվեն մեր ատամների վրա»,- ասաց ստոմատոլոգը:
Ըստ նրա, շատ հեշտ միջոց է նաեւ թեյի գդալով մաքրումը, որը երբեմն խորհուրդ է տալիս իր պացիենտներին: «Քանի որ շուկան շատ հարուստ չէ լեզվի խոզանակներով, կարելի է թեյի գդալով եւս մաքրել՝ լեզվի հիմքից քաշել դեպի առաջ եւ այդ փառը հեռացնել, իսկ ամենավերջում պետք է օգտագործել պրոֆիլակտիկ ողողման լուծույթներ, որոնք լինում են բուժիչ եւ պրոֆիլակտիկ: Բուժիչները չպետք է երկարատեւ օգտագործել՝ մաքսիմում մեկ ամիս, պրոֆիլակտիկը կարելի է երկարաժամկետ օգտագործել, դրանք վնասակար հետեւանքներ չունեն, ինչպես նաեւ դեղաբույսերից պատրաստված ողողման լուծույթները»:
Իդեալական արդյունքի համար, ստոմատոլոգը նշեց, որ անհրաժեշտ է ողողել բերանը օրը երկու անգամ՝ ատամները խոզանակելուց հետո: «30-60 վայրկյան ողողման լուծույթների օգտագործումից հետո զգում ենք, որ ամբողջ բերանի խոռոչից այդ միկրոբներին հեռացրինք: Եթե ողողման լուծույթներ չկան, ապա պետք է օգտագործել սովորական գոլ ջուր, որը պետք է կատարել դարձյալ 30-60 վայրկյան, կարճատեւ կատարման դեպքում էֆեկտիվ չի լինի»,- նշեց Դավիթ Հովհաննիսյանը:
Շատերը մաքրման նպատակով օգտագործում են աղ, սոդա, որը, ըստ մասնագետի, իզոտոնիկ լուծույթներ են, որոնք կարելի է մեկ-մեկ օգտագործել, բայց հաճախ չի կարելի, քանի որ աղը կբերի փափուկ հյուսվածքների միներալիզացիայի, դրանք միայն ցուցումների դեպքում պետք է օգտագործել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
27.10.2016