Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2016-ը Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ պետք է հաղորդի

Հոկտեմբեր 28,2016 12:00

Մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-ԵՄ նոր համապարփակ
իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները

2008 թվականից` իր իշխանավարման մեկնարկից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է. «Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ», «մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, ուժեղ երկիր, որտեղ մարդն իրեն բարեկեցիկ, ապահով եւ իրավունքները պաշտպանված զգա»:

2014թ. դեկտեմբերին Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության բացման առիթով կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին ընդունելով` նշել էր. «Մեր երկիրը եւս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է եւ անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով՝ բավականաչափ առաջ է ընթացել, չնայած դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարեւորվում է»:

Այս տարի հունիսին ՀՀ նախագահի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամների հետ հանդիպմանը եվրոպացի երիտասարդների հետ զրույցում նշել էր, որ արժեքային համակարգի, զարգացման մոտեցումների, բարեփոխումների առումով Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է, եւ դրա հիմքում ոչ թե քաղաքական մոտիվացիաներ են, այլ մի գործընթաց, որով մենք փորձում ենք գտնել լավագույն լուծումները տնտեսությունը զարգացնելու, պետականաշինության եւ այլ հարցերում։

ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների նոր մակարդակն ապահովելու հարցում Հայաստանի իշխանությունների անկեղծության աստիճանը հեշտությամբ կստուգվի: Մինչ այդ Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են ԵՄ-ՀՀ վիզայի դյուրացման մասին:

Անցյալ տարի մարտին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ունեցած իր ելույթում նշեց, որ Հայաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի Եվրամիության հետ սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը:

Հիշեցնելով, որ 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, եւ որ Հայաստանի կառավարության որոշմամբ 2013-ից ԵՄ անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից, Նալբանդյանն ասել էր, որ ԵՄ անդամ երկրների հետ մարդկային շփումների խրախուսումն առավել նախադրյալներ կստեղծի գործընկերային հարաբերությունների խորացման համար: Նա հավելել էր, որ եզրափակիչ փուլում են Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա իրավական շրջանակը, որը, նրա խոսքով, պետք է հիմնված լինի նախորդ շրջանում արձանագրված առաջընթացի վրա. «Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»:

Անցյալ տարի նոյեմբերի վերջին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում մասնակցում էր Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։ Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Նալբանդյանը նախ նշել էր. «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը եւ օժանդակությունը, որը կարեւոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների արդյունավետ զարգացման համար։ Հայաստանը ողջունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացը եւ կարեւորել գործընկեր պետությունների ներգրավումը դրանում: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի քննարկումների արդյունքը արտացոլում է տարբերակման սկզբունքը»:

Այնուհետեւ Նալբանդյանը հավելել էր, որ Հայաստանը կարեւորում է մարդկային շփումներն ու իր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում է որպես կարեւոր նախադրյալ հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու. «Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու եւ մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն եւ Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը նախաստորագրել են 2012թ. հոկտեմբերի 18-ին Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչեւ 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչեւ 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ եւ այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները:
Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի որոշմանը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին եւ բարձր ներկայացուցչին սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, ապա հայտնի է, որ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ տրամադրեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության եւ գործակցության համաձայնագրին:

Թեեւ Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին Եվրամիության հետ վիզաների ազատականացման վերաբերյալ՝ առայժմ պարզ չէ, թե Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցվող նոր շրջանակային համաձայնագրում վիզաների ազատականացման խնդիրը ինչ հանգուցալուծում է ստանալու:

Այս տարի մարտին Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրեց, որ մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը: Նա հույս էր հայտնել, որ Հայաստանը այս հարցում կհետեւի Վրաստանի օրինակին, եւ հորդորել էր Հայաստանին համբերատար լինել՝ հաշվի առնելով միգրացիոն խնդիրները եւ իրավիճակը Եվրոպայում:

Հունիսի 14-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Փոխնախարար Նազարյանն իր խոսքում շեշտել էր, որ ներկայումս միգրացիոն հոսքերի կառավարման եւ անվտանգության ոլորտում ԵՄ առաջ կանգնած մարտահրավերների հետ մեկտեղ պետք է ճանապարհներ գտնել շարժունակության եւ մարդկանց միջեւ շփումների համատեղ հանձնառությունը պահպանելու համար: Նշվել էր նաեւ, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թե վիզաների դյուրացման եւ թե հետընդունման ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը: Պաշտոնական Երեւանը հույս էր հայտնել նաեւ, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում: Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստում ԵՄ կողմն արձանագրել էր վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագրերի դիմումների աճը:

Այսպիսով ակնկալվում է, որ 2016 թվականը ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ պետք է հաղորդի, եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 27.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31