Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՎԱ ՊԵՍ

Հոկտեմբեր 28,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հիսունվեցերորդ

ԱՌԱՋՎԱ ՊԵՍ

Մեր լրագրողուհիներից շատերին եմ ճանաչում, բայց Ելենա անունով լրագրողուհի առաջին անգամ էի լսում, եւ չնայած իր ձայնն առանձնապես ջահելի չէր, ենթադրում եմ, որ մեր նորօրյա կայքերի լրագրողուհիներից էր, այլապես՝ կամ ինքն ինձ լավ կճանաչեր, կամ ես՝ իրեն, եւ ինքն էլ հետս էդ տոնով չէր խոսի ու էդքան կոպիտ հեռախոսը չէր անջատի, եւ հիմա որ մտածում եմ, լրջորեն սկսում եմ հասկանալ, որ Ելենային շատ հետաքրքիր նյութից զրկեցի, որովհետեւ եթե ինքն իրենց կայքում հրապարակեր՝ «ինչո՞ւ Արմեն Շեկոյանը բջջային հեռախոս չի պահում» վերնագրով էդ հարցազրույցը, մեծ թվով մարդիկ կմտնեին ու կկարդային, ընդ որում՝ էդ նյութն անհամեմատ մեծ թվով մարդիկ կկարդային, քան՝ իմ էս վեպն են «Առավոտի» կայքում կարդում, ու երեւի էդ էր պատճառը, որ Ելենա անունով էդ անծանոթ լրագրողուհին նեղացավ ինձանից եւ ամենակոպիտ տոնով ինձ «հաջողություն» ասելով՝ իր բջջայինն անջատեց, եւ որ իր հեռախոսը բջջային էր, ես հաստատ գիտեմ, որովհետեւ մեր նոր հեռախոսի ցուցատախտակին զանգահարողների հեռախոսահամարները պարտադիր գրվում են, եւ, բնականաբար, Ելենայի բջջայինի համարն էլ գրվեց, եւ ես հիմա հաստատ գիտեմ նաեւ, որ բջջային հեռախոս չունենալս մարդկանց ու հատկապես լրագրողների համար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քան՝ իմ գրականությունը, եւ սա հաստատ եմ ասում, որովհետեւ շատ է պատահել, որ հրաժարվել եմ լրագրողներին ու լրագրողուհիներին հարցազրույց տալ, եւ նրանք բոլորն էլ էս Ելենայի պես նեղացել են ինձանից, բայց, այդուհանդերձ, նրանցից ոչ մեկն էսքան կոպտորեն ինձանից չէր նեղացել, եւ հիմա նորից բջջային հեռախոս չունենալուս ուղղությամբ որ ավելի մանրամասն ու ավելի հանգամանորեն եմ մտածում, սկսում եմ մտածել նաեւ, որ եթե էսպես շարունակվի, ես էլ մի օր ստիպված կլինեմ բջջային հեռախոս ունենալ ու պահել, եւ դա միանգամայն բնական ու տրամաբանական կլինի, որովհետեւ առաջվա պես մարդկանցից չեմ խուսափում, եւ կյանքն էլ շարունակաբար ցույց է տալիս, որ մարդկանցից չխուսափելու լավագույն միջոցը բջջային հեռախոսն է, եւ, ընդհակառակը, մարդկանցից խուսափելու լավագույն միջոցն էլ բջջային հեռախոս չունենալն է, որովհետեւ բջջային չունենալու պատճառով շատերի կողմից մոռացության ես մատնվում, եւ դա տեղի է ունենում ոչ թե միտումնավոր, այլ՝ միանգամայն բնականաբար, բայց իմ առումով առայժմ այդ հանգամանքն առանձնապես զգացնել չի տալիս, եւ ձմեռվա էս ցրտին առավոտ շուտ զարթնել ու էս հերթական հատվածս եմ գրում, որ մի ժամից օրթախականների հետ էս տարվա առաջին խաշի մասնակիցը լինեմ, եւ հիմա՝ երբ էդ խաշն արդեն անցյալի գիրկն ենք ուղարկել, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, ինչպես միշտ, մեր էս խաշն էլ էր բովանդակության առումով հետաքրքիր ու հարուստ, մանավանդ որ՝ Օրթախի կամքով մեր մշտական շրջապատին էր գումարվել ճարտարապետ Կորյունը, եւ չնայած շատ հետաքրքիր ու բովանդակալից օր անցկացրինք, եւ չնայած ճարտարապետ Կորյունը մեր շրջապատին նոր երանգ, նոր գույն, նոր իմաստ ու նոր անիմաստություն է գումարել, եւ չնայեծ հատկապես երեկ էր էդ հանգամանքը զգալի ու նկատելի, ես նպատակ չունեմ երեկվա օրը մանրամասն նկարագրել, եւ առհասարակ նպատակ չունեմ վերստին գրի ու գրականության վերածել մեր էդ շրջապատի խոսքուզրույցն ու ասեկոսեները, մանավանդ որ՝ ժամանակին էդ ասեկոսեներին էս վեպիս մեջ չափից ավելի եմ անդրադարձել, եւ մանավանդ որ՝ էդ խոսակցությունները մշտապես կրկնվում են, եւ մանավանդ որ՝ ընթերցողներիցս շատերն էին արդեն դժգոհում էդ մշտական կրկնություններից:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31