Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցը:
Հարցին՝ համանախագահներից Ջեյմս Ուորլիքն «Ինտերֆաքսին» ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստակամ է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիեւի հետ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ «Նախագահի եւ Ալիեւի հանդիպման վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել: Բայց կարող եմ ասել, որ առաջիկա ժամանակահատվածում, առաջիկա շաբաթների ընթացքում նման հանդիպում չի նախատեսվում: Ապագայում հնարավո՞ր է, թե՝ ոչ, կապրենք՝ կտեսնենք: Մենք ունենք մեր հստակ կարծիքը՝ պետք է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ադրբեջանը, դժբախտաբար, արհամարհում է այդ պայմանավորվածությունները՝ դիվերսիոն գործողություններ իրականացրեց, երեկ մենք զոհ ունեցանք սահմանագծում: Կարծում եմ միջազգային հանրությունն, առաջին հերթին մեր հարգարժան համանախագահ գործընկերները, պետք է հասցեական գնահատականով հանդես գան եւ ստիպեն ադրբեջանցիներին հարգել իրենց, իսկ ստանձնած պարտավորությունները»:
Շարմազանովը նորից կրկնեց դիրքորոշումները ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ. «ա) Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը, բ) Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա փաստ է: Այլեւս անցյալին նայել հնարավոր չէ, մենք բոլորս միասին պետք է նպաստենք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու երեկվա նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռեկտ չի արտահայտվել «Բարեւ Երեւան»-ի անդամ Անահիտ Բախշյանի հասցեին. նա ասել է՝ «Ձեր ձայնին կարոտ չենք մնացել, հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա ձեր PR-ից խոսեք, իյա…»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը Էդուարդ Շարմազանովին այս առնչությամբ հարց ուղղեց, նշելով, որ Երեւանի քաղաքապետը նաեւ որոշ քաղաքացիների անբարոյական է ասել, Տարոն Մարգարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, ի՞նչ գնահատական կտա Մարգարյանի այս վարքին ՀՀԿ-ն:
Հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց. «Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է եւ վայելում է սեր ու հարգանք Երեւանում: Մեր հասարակությունում կան տարբեր շերտերի մարդիկ, իսկ Տարոն Մարգարյանն իմ պաշտպանության կարիքը չունի ու քաղաքապետարանում առկա գործողությունները չբերենք այստեղ: Ես լիարժեքորեն պաշտպանում եմ Տարոն Մարգարյանի բարեփոխումները, որ նա իրականացնում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ