Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք նիստում քննարկվել է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձը, եւ ինչ կարծիք ունեն Ծառուկյանի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորանքները ներելու մասին, պարոն Շարմազանովն ասաց, որ նման հարց չի քննարկվել.
«Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի հարց չենք քննարկել: Կուսակցությունն ունի քաղաքական օրակարգ, շարժվում է իր քաղաքական օրակարգով, նախաձեռնում է լայնածավալ բարեփոխումներ, որոնք բխում են թե՛ նախագահ Սարգսյանի ծրագրից , եւ թե՛ կառավարության ծրագրից: Ձեր նշած գործընկերոջ ներողամտության հետ կապված երեկ գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ խոսել եմ, ավելացնելու բան չունեմ: Եթե կոնկրետ հարցեր ունեք, տվեք այն մարդկանց, որոնք ներելու, ներվելու կարիք կամ խնդիր ունեն: Ես ոչ ներելու խնդիր ունեմ, ոչ՝ ներվելու: Կրկնում եմ՝ քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, հանդուրժողականություն եւ քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում, նայե՛ք առաջ. եւ հերիք ա հետ նայեք, վիզներդ ծուռ կմնա: Նայեք առաջ, իսկ ապագան, կարծում եմ, կլինի ավելի գեղեցիկ, համերաշխ»:
Հիշեցնենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների, այսօրվա նիստում պետք է քննարկվեր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակցելու հարցը, սակայն այն այսօրվա նիստում չի քննարկվել: Հիշեցնենք նաեւ, որ Կարեն Կարապետյանը ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Բելառուսում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ