Հոկտեմբերի 27-ին, շատ խորհրդանշական մի օր, հին Երեւանը մի շենքով էլ պակասեց. ժամը 16.00-17.00-ի շրջանում «ՆորՏեղ Շին» ՍՊԸ –ն պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ իրականացրեց Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում: ԱԻՆ-ի պատվերով հողին հավասարեցվեց 20-30 ական թվականներին կառուցված «Առաջին տպարանի» շենքը, որի սեփականատերն, ասում են Երվանդ Զախարյանն է:
Իշխանասուն ճարտարապետները վաղը կարդարացնեն կատարվածը, կասեն շենքը վտանգ էր ներկայացնում, մի օր փլվելու էր անցորդների գլխին, իսկ որ ամենահավանականն է` գուցե կրկին «սառայ» կոչեն, ասեն մոդայիկ չէր, մեզ էլիտար բետոն է հարկավոր կամ լավ օբյեկտ, դիցուք` կանաչավուն ապակիներով ինչ-որ հյուրանոց, մեզ արդեն քանի տարի արժեքներ պետք չեն, սպասարկող երկիր ենք դառնում, եւ դա բավարար է:
Առաջին տպարանի շենքը չկա, ու ինչպես քաղաքի գլխավոր դիզայներն է ասում` չկա նախկին վարդագույն քաղաքը, ու հիմա իրենց բրենդային ծաղկի հոտով Երեւան է պետք, որ իբր զբոսաշրջիկները գան-զարմանան, գնան իրենց երկրներում պատմեն:
Իրականում բոլոր զբոսաշրջիկներին նախ Հին քաղաքն է հետաքրքրում, ու ոչ մի երկրում զիզի-բիզի շենքերով ոչ մեկին չես զարմացնի: Իսկ ուր է մեր Հին Երեւանը…Այն պարզապես չկա, որովհետեւ քաղաքը «կրեածիվ» նկարազարդողների ու տոներին խոտածածկույթներում արհեստական եղնիկ ու ծիտ տեղադրողների ճաշակն այլ է:
Կարդացեք նաև
«Քաղաքի հենց սրտում շենք կամ շենքի մաս են պայթեցնում`Առաջին տպարանի շենքը: Պայթեցնողն, ասում են, ԱԻՆ-ն է: Պատվիրատուն ո՞վ է: Շենքի մեղքը ո՞րն էր: Ինձ ո՞վ է հաշվետու լինելու. տո շատ էլ կարգին ու կառուցիկ շենք է, էդ շենքում հայրս ու հորեղբայրս աշխատել են: Հաշվետուն ո՞վ է…»,- ցավով գրել է Հրանտ Մաթեւոսյանի որդին` Դավիթ Մաթեւոսյանը:
Մի օգտատեր էլ իրավացիորեն արձագանքել է` հոկտեմբերի 27-ի համար ո՞վ հաշվետու եղավ, որ շենքի համար հաշվետու լինի…
Հետաքրքիր է, որ նույն օրը «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Մոսկվայի տանը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության արժեքների պետական պահպանության մեխանիզմները» խորագրով կլոր սեղան: Ու հանդիպմանն էլ մասնակցել են ինչպես ՀՀ մշակույթի նախարարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Մոսկվայի քաղաքապետարանի, պատմամշակութային արժեքների պահպանմամբ և վերականգնմամբ զբաղվող մոսկովյան կառույցների ներկայացուցիչներ: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղված այս տեղեկատվության մեջ նշվում է նաեւ, որ քննարկման ընթացքում ներկայացվել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրներն ու մեխանիզմները: Քանդումի «բերկրանքի» նման տպավորիչ է, խոսք չկա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ