Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ, անցած տարի «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ժամանակ լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կատարելու համար պետք է տասնյակ ոստիկանների նկատմամբ մեղադրանքներ առաջադրված լինեին:
«Բայց միայն Սարի թաղի ու Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրեց լրագրողներից, ՀՔԾ-ի գործողությունները մի քիչ ակտիվացան, ու մեղադրյալներ հայտնվեցին ոչ միայն այդ հուլիսյան իրադարձություններով, այլեւ 2015 թվականի հունիսի 23 –ի գործով, այդ չորս ոստիկանների նկատմամբ մեղադրանք առաջադրվեց: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այդ քայլերը, որոնք ձեռնարկվել են, համարժեք չեն այն բռնություններին ու խոչընդոտների ծավալին, որը իրականում տեղի է ունեցել:
Այսօրվա փաստերից ու ՀՔԾ-ի գործողություններից հետեւում է, որ չորս ոստիկանները քսանմեկ լրագրողի ֆիզիկական բռնության են ենթարկել ու խոչընդոտել նրանց աշխատանքը: Դա ծիծաղ է առաջացնում, որովհետեւ ամբողջ համացանցը ողողված է տեսանյութերով, որոնցում տեսնում ենք եւ բարձրաստիճան ոստիկանների հրամանները եւ իրենց լիազորությունները չարաշահած ոստիկանների գործողությունները: Հասկանալի է, որ այս գործում արդեն տասնյակ մեղադրյալներ պետք է լինեին, այդ կադրերն ամեն ինչ ցույց են տալիս: Բայց այսօր՝ տարի ու կես անց, ընդամենը չորս ոստիկանի են պատասխանատվության ենթարկում, որոնք միգուցե եւ այնտեղ ամենաակտիվը չէին: Ես կարծում եմ, որ շատ ոստիկաններ, այդ թվում բարձրաստիճան, խուսափել են պատասխանատվությունից»:
Պարոն Մելիքյանի խոսքով, «Էլեկտրիկ Երեւանի» իրադարձություններից անմիջապես հետո սկսել են դիտարկումներ անել. «Լրագրողների ու օպերատորների մեծ մասը, այդ թվում նրանց փաստաբանները այս գործի ընթացքում պնդում էին, որ նախաքննությունը ձեւական բնույթ է կրում, միտում կա այդ գործը կոծկելու: Անցած մեկ տարվա ու երկու ամիսների ընթացքում, երբ քսանմեկ տուժող լրագրող կար ու ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ, կարծես թե այդ փաստը հենց հաստատում էր, որ մեր գործընկերներն ու փաստաբանները ճիշտ գնահատական են տալիս»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ բռնություն կատարելու ու նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է, բայց նախորդ երկու դատական նիստերը տեղի չունեցան դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ