Երևանի քաղաքապետը շարունակում է իշխանական համակարգում ձևավորված վատ ավանդույթը և իրեն հարց ուղղող քաղաքացիների հետ խոսում քամահրական տոնով՝ օգտագործելով վիրավորական արտահայտություններ:
Դրա վառ ապացույցն է Անահիտ Բախշյանին տված քաղաքապետի պատասխանը: Տիկին Բախշյանի փոխարեն կարող էր նույն հարցը բարձրացնել ցանկացած քաղաքացի և, փաստորեն, արժանանալ նման վերաբերմունքի:
Սակայն զոհվածների ընտանիքների, բարոյականության ու նախանձի մասին Տարոն Մարգարյանի խոսքն առավել անպատշաճ էր Հոկտեմբերի 27-ի զոհի կնոջ պարագայում, հիշատակի օրվա նախօրյակին:
Ի դեպ, քաղաքապետը վիճելի որոշումներ տալիս է ո՛չ միայն հայրենասիրական մղումներով: Շատ ավելի վատ որոշումներ կան, օրինակ, Երևանի սրտում, մի քանի բազմաբնակարան շենքերի բակում կանգնեցված քաղաքապետարանի աշխատակցի սեփական տունը:
Այնպես որ, մի՛ վրդովվեք, պարո՛ն քաղաքապետ, Ձեր դիմաց քաղաքացի է, որը հաճախ զբոսնում է Երևանի փողոցներում: Ինչպես ասում են՝ գյուղից մարդ չկա:
Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆ