Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մեզ համար Սիրիան, Հալեպը սոսկ ծանոթ անուններ չեն»

Հոկտեմբեր 27,2016 20:22

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական համայնքի ներկայիս կարիքների մասին, մտքեր փոխանակելու նաև Հայաստանում հաստատված և ներգաղթող սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի վերաբերյալ:

«Ցավոք, արդեն տևական ժամանակ է, որ Սիրիան և, հատկապես, Հալեպը դուրս չեն գալիս միջազգային լրահոսից՝ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեզ համար, նկատի ունեմ հայերիս, Սիրիան, Հալեպը սոսկ ծանոթ անուններ չեն, ինչպես շատ-շատերի համար, այլ երկիր, բնակավայր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եվ հենց այդ պատճառով է, որ մինչ այսօր Հալեպում գործում է մեր գլխավոր հյուպատոսությունը, այն դեպքում, երբ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղուց լքել են Հալեպը:

Միանշանակ կարող եմ ասել, որ մեր մոտեցումը եղել է և այսօր էլ մնում է հետևյալը՝ յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու, ավելին, եթե նա այնուամենայնիվ լքում է Սիրիան, ցանկալի է, որ գա Հայաստան: Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ստեղծենք, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ կարողանան ինտեգրվել մեր հասարակությանը և արդեն իրենք կարողանան լուծել իրենց խնդիրները »,- ասել է Նախագահը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և հանդիպման մյուս մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ կիսվել են Սիրիայում շարունակվող պատերազմական իրադարձությունների պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգություններով, սիրիահայ համայնքին միասնական ուժերով սատար կանգնելու առաջարկություններով և շնորհակալություն հայտնել՝  Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հայկական կառույցների կողմից մեր հայրենակիցներին բոլոր հնարավոր միջոցներով տարիներ շարունակ հետևողականորեն ցուցաբերվող սրտացավ ու հոգատար վերաբերմունքի և աջակցության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31