Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարեգինը, Ժիրայրը կամ ուրիշ անհայտ անձինք պետք է հռչակագիր գրե՞ն, իրենց պահվածքը խելամիտ չէ». Պարույր Հայրիկյան

Հոկտեմբեր 27,2016 19:30

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզն ավելի շատ երազ ու ցանկություն է պարունակում, քան իրատեսական ծրագիր:

Այսօր հրապարակվել է «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը, որը մշակել են Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչները:

Ըստ պարոն Հայրիկյանի, ինչ-որ բանի հասնելու, իշխանափոխության այդպիսի ծրագրերով հանդես էր եկել եւ՛ «Նախախորհրդարանը», ե՛ւ «Հիմնադիր խորհրդարանը», «Նոր Հայաստանը».

«Այս ծրագրում մի քիչ ավելի երկար են աշխատել, գաղափարական դիրքորոշման լուրջ փոփոխություններ ու առաջընթաց կա: Բայց ասել, որ այն կարդացողը կարող է տեսնել՝ ինչ ճանապարհով եւ ինչպես պետք է այդ ամենը կյանքի կոչեն, որեւէ մեկը դա տեսնել չի կարող: Որովհետեւ, կարծես թե, փորձարկվեցին ե՛ւ հանրահավաքները, ե՛ւ քաղաքացիական անհնազանդության տարբեր ձեւերը, ցույցերը, երթերը, «Սասնա ծռերին» աջակցելը, այս ծրագիրը կարդալիս չի երեւում՝ինչ երաշխիքներ կան, որ ցանկալի զարգացումները տեղի կունենան: Էլ չեմ ասում, որ բավականին վիճահարույց կետեր կան»:

Պարույր Հայրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նաեւ ասաց, թե այս նյութի հեղինակները առաջընթաց են ապրել իրենք իրենց համար. «Եթե քո համար առաջընթաց ես ապրում, այսինքն, երեկ քեզ համար մերժելին, այսօր քեզ համար դառնում է ընդունելի, դեռ չի նշանակում, որ եղար այդ գործի գլխավոր մասնագետը: Այս նյութը ստորագրող մարդկանց մեջ անվանապես եմ ճանաչում մարդկանց, որոնք հիստերիկ վիճակում էին հայտնվում եվրոպական դրոշ տեսնելիս, իսկ հիմա դրական առաջընթացն այն է, որ հստակ դրել են՝ ոչ ՌԴ-ին, սերտացնել հարաբերություններն Արեւմուտքի, մանավանդ ԱՄՆ-ի հետ: Հոգեբանական ու կազմակերպչական տեսակետից լուրջ բացթողում եմ համարում, ՀՀ-ում գործող կուսակցություններին պատերազմ հայտարարելը, այսինքն, Գարեգինը, Ժիրայրը, Ալեք Ենիգոմշյանը կամ ուրիշ անհայտ անձինք պետք է հռչակագիր գրե՞ն, իրենց պահվածքը խելամիտ չէ: Դու ուզում ես այս հանրության մեջ գործել ու պատերա՞զմ ես հայտարարում բոլոր կուսակցություններին, առողջ չէ այդ մոտեցումը:

Իրենք խոսում են քաղաքական հարցերի մասին՝ ամբողջությամբ անտեսելով քաղաքական գործունեությամբ զբաղված մարդկանց փորձառությունը: Ծրագրային հատվածը շատ վերացական էր, եղածը պետք է ծրագիր լինի, ոչ թե երազ, ռուսական զորքերի դուրս բերումը, հայրենադարձության մասին խոսակցությունները որպես երազ, ցանկություն հասկանալի են, բայց քաղաքական ուժի տեսակետից դրանք պետք է հիմնավորված լինեին»:

Պարոն Հայրիկյանը ճանապարհային քարտեզում ինչպես հասնել նպատակների իրականացմանը բաժինը ամբողջությամբ խիստ խուսափողական է համարում. «Առաջին քայլը ժողովրդի իշխանության հաստատումը, դրան զուգահեռ իրենք նշում են սահմանադրությունների ապօրինի լինելը, բայց հենվում են այդ Սահմանադրության վրա, հետո տեսնում ես, որ ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանություն չկա, իրենք խորհրդարանականի կողմն են, այս մոտեցումները մարդու իրավունքների տեսակետից անընդունելի են: Բայց դրական է, շատ լավ է, որ, վերջապես, հասկացել են ինքնորոշման կարեւորությունը… առաջ ասում էին՝ «Նոր Հայաստան», հիմա դրանից փախել են, արդեն կոչում են նոր հանրապետություն, որովհետեւ «Նոր Հայաստանը» ապուշություն էր, Րաֆֆի Հովհաննիսյանի ասած հիմարություն, նոր Հայաստանը որն էր, հին Հայաստան, նոր Հայաստան, իսկ նոր հանրապետությունը, ինչպես ասում են՝ կուտվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ճանապա՞րհ … ի՞նչ ճանապարհ… ինչի՞ համար…

    Քուռկիկ-Ջալալին ի՞նչ գործ ունի ճանապարհի հետ
    նա վերեւի՜ց, օդերից եւ ամպերի մէջ թռչելով է որ կը սլանա դէպի իր դիւցազներգական նպատակը

    ճանապարհը սովորական մահկանացուների, խեղճ ժողովուրդին համար է…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31