Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը՝ ՀԷՑ-ին «ստիմուլ» տալու, հոսանքի անջատումների եւ սակագների մասին

Հոկտեմբեր 27,2016 19:00

Այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության 2017-ի ծրագիրը: Նա սակագնային քաղաքականությունը ներկայացնելիս ասաց, որ 2017-ին կուսումնասիրեն նաեւ սպառողների առանձին խմբերի համար երկդրույք սակագնի կիրառման հարցը:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հետաքրքրվեց՝ դա ինչպե՞ս կանդրադառնա բաժանորդների վրա: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ դա վերաբերում է ոչ բնակիչ բաժանորդներին: Նա ասաց, որ պետք է լինի նախ հզորության վճար, հետո նոր՝ կվտ/ժ-ի վճար:

Միքայել Մելքումյանը հարցրեց, թե գազի հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ին ներկայացրած առաջարկներից քանի՞սն են կատարել: Ռոբերտ նազարյանը պատասխանեց, որ 17 առաջարկ է եղել, մասնավորապես, մեկը վերաբերում էր նրան, որ բնակիչը կարողանա լաբորատորիայում ստուգել տալ իր հաշվիչը, իրենք դա ընդունել են, բայց մինչեւ հիմա լաբորատորիաներ դեռ չկան:

Ռոբերտ Նազարյանը խնդրեց, հորդորեց գործարարներին, որ ներդրումներ անեն այդ ոլորտում:

Միքայել Մելքումյանը նաեւ հարց ուղղեց ՀԷՑ-ի շահութաբերության նորմայի, մեթոդաբանության հաշվին սակագինն իջեցնելու հետ կապված: Ռոբերտ Նազարյանը հայտարարեց. «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ մենք 2002-ին, երբ սեփականաշնորհեցինք ՀԷՑ-ը, օրենքում շահույթի նորման ամրագրել ենք, եւ չենք կարող իջեցնել մենք, մինչեւ ԱԺ-ն նորից օրենքով դա չիջեցնի: Իսկ դա չենք կարող անել, եթե չլինի երկկողմ համաձայնություն: Միակ ընկերությունն է, որ օրենքով ամրագրել է շահույթի նորման»:

Թեւան Պողոսյանն էլ արձագանքեց. «Լավ է ընդունեցիք, որ ժամանակին ԱԺ-ն այդ համաձայնագիրն ընդունելիս ինքն իրեն ծուղակն է գցել»:

Թեւան Պողոսյանը նաեւ հարցրեց, ճի՞շտ է, որ ներդրումներ չեն արվում եւ ձմռանը խնդիրներ, հովհարային անջատումներ են շատ լինելու:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Իհարկե, ունենք դեռեւս բավականաչափ հին, ֆիզիկապես, բարոյապես մաշված սարքավորումներ: Դա է պատճառը, որ անջատումներ են լինում շատ»: Նա ասաց, որ մոնիտորինգ են անում եւ պարզում են, թե որտեղ են այն թույլ օղակները, մարզերը, որտեղ պետք է առաջնահերթ ներդրումներ անեն:

Իր ամփոփիչ ելույթում Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ ՀԷՑ-ի կորուստներին: Նա ասաց, որ ՀԷՑ-ը 2 տոկոսից ավելի գերկորուստներ էր ունենում, որը շահույթից էր վճարվում եւ վնասներ էր կրում. «Երբ իրենց շահույթը պակասում է, մենք պետք է տխրենք, շատ էլ մասնավոր է»:

Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հիմա  մեթոդիկայում փոփոխություն են արել եւ ընկերությանն ասել են՝ «Հարգելի ՀԷՑ, եթե դուք առաջիկայում կրճատումներ կանեք եւ դա կբերի գողության, կոռուպցիայի նվազեցմանը, մենք առաջիկայում նվազեցրած աշխատավարձի ֆոնդը չենք վերցնի իրենց ձեռքից, որ ստիմուլ լինի, առաջ գնան: Թե չէ ասում էին՝ մենք կրճատում ենք, դու խլում ես ձեռքիցս: Սահմանել ենք, որ 5 տարի հետո իրենք պետք է ունենան 9 տոկոսից ոչ ավելի կորուստ: Ներդրումներ կանեն, ինչ կանեն, բայց եթե 1 տոկոս մյուս տարի նվազի, չեք փորձի դա ամրագրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31