«Գազպրոմ էներգահոլդինգի» ենթակայության տակ գտնվող ՕԳԿ-2 ընկերության բաժնետեր է դարձել ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով էներգաընկերությանը, նա ստացել է ընկերության կապիտալի բաժնետոմսերի 0.009%-ը:
Նշվում է, որ մինչ այդ Կարապետյանը ընկերությունում բաժնետոմսեր չուներ և շարունակում է մնալ ընկերության տնօրենների խորհրդի կազմում, որում ներառվել էր նախքան Հայաստանի վարչապետ նշանակվելը:
ՕԳԿ-2-ում պարզաբանել են, որ Կարապետյանը բաժնետոմսեր է ստացել՝ որպես պարգևատրություն 2015թ. արդյունքներով: Նման պարգևատրություն ստացել են խորհրդի բոլոր անդամները՝ հունիսի 8-ին տեղի ունեցած բաժնետերերի ամենամյա հավաքի որոշմամբ:
ՕԳԿ-2-ից նաև հայտնել են, որ վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը տեղյակ է պահել, որ այլևս չի մասնակցելու ընկերության կառավարմանը:
Կարդացեք նաև
Թերթը գրում է, որ այդ ոչ նշանակալից փաթեթը Կարապետյանին իրավունք չի տալիս անմիջականորեն ազդել տնօրենների խորհրդի վրա և նրան չի պարտավորեցնում վաճառել իր մասնաբաժինը: Հայաստանի օրենքների համաձայն՝ դա պարտադիր է միայն այն դեպքում, երբ փաթեթը հասնում է 10%-ի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ