Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականի ռեկտորը՝ ԱԺ-ում իրեն ձոնված անանուն նամակի մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 17:50

Այսօր իր պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը։

Նա ներկայացրեց հարյուր օրվա ընթացքում իր կատարած աշխատանքները, մասնավորապես նշեց՝ նախազորակոչային ամբիոնը, որը զինվորական մանկավարժներ է պատրաստում, տեղափոխել է նոր, հարմարավետ մասնաշենք, զինել նորագույն տեխնոլոգիաներով։ Ըստ Սահակ Մինասյանի, այն լավ պայմաններում չէր գործում, իսկ դա հարիր չէր պատերազմող երկրին։

Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ից 20-50 տոկոսով բարձրացրել է բուհի բոլոր աշխատակիցների աշխատավարձը, որից հետո ձեռնամուխ են եղել բուհի կարգավիճակի փոփոխման խնդիրը լուծելուն։

«ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ Գյումրու պետական մանկավարժական համալսարանը վերակազմավորվել է Միքայել Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանի հիմնադրամի։ Իհարկե, ձեռքբերումը չեմ կարող վերագրել անձամբ ինձ, կարգավիճակի փոփոխությունը պետական հոգածության խնդիր է, նախադրյալի իրականացնողները այն պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմն է, որի հետ ես այսօր աշխատում եմ, որին նախորդել է բուհի հավատարմագրումը, առանց որի չեմ կարծում՝ լիներ կարգավիճակի փոփոխություն»,- ասաց Սահակ Մինասյանը։

Լրագրողները բանախոսին հարցեր ուղղեցին երեկ Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ընթերցած նամակի մասին, որը վերաբերում է Սահակ Մինասյանի գործունեությանը, հարցրեցին, թե ո՞վ է գրել ու պատրա՞ստ է ընդունել վարչապետ Կարեն Կարապետյանի ուղարկած վերահսկողական ծառայությանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ընթերցել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի մի խումբ աշխատակիցների կողմից հասցեագրված նամակը, որտեղ նշվում է, թե մագիստրատուրայի ընդունելության քննություններին բուհի ոչ մի դեկան, ոչ մի աշխատակից չի մասնակցել։ Մասնակցել է միայն ռեկտորը, իսկ դեկաններին ընդունելության քննության արդյունքները ներկայացվել են ի գիտություն:

Նամակում անդրադարձ կա նաև Սահակ Մինասյանի անձին։ Մասնավորապես նշված է.«Բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Սահակ Մինասյանը, որը շուրջ տասնամյակ լինելով Շիրակի կրթության վարչության պետ, կոռումպացված չինովնիկի համբավ է ձեռք բերել մարզում, կյանքում բուհական կյանքին առնչություն չի ունեցել, անգամ մեկ անգամ լսարան չի մտել»։

Սահակ Մինասյանը` ի պատասխան լրագրողների հարցերի՝ նշեց, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարության համապատասխան ընթացակարգի համաձայն, այս տարի մագիստրատուրայում ընդունելության քննությունները կազմակերպվել են առանց ընդունելության քննությունների և առանց մրցույթի։

namak_1

Նա այնուհետ ցույց տվեց նաև նախարարության մշակած ընթացակարգը (Տես լուսանկարում)։ «Այսինքն` մենք մեզ մոտ ընդունել ենք բոլոր այն ցանկացողներին, որոնք ունեն բակալավրի դիպլոմ և ցանկություն են հայտնել այս կամ այն մասնագիտությամբ ուսումը շարունակելու»,- ասաց Սահակ Մինասյանը։

Ըստ նրա, իրենք բացառել են կոռուպցիան այս պարագայում, իսկ դրանից դժգոհ է մնացել «շահառուների» այն խումբը, որոնց հետ է պահվել մագիստրատուրայի ու հեռակա ուսուցման ընդունելության ընդհանուր գործընթացից։

namak_2

Սահակ Մինասյանը ընթերցեց նաև բուհի դեկանների գրությունը ՝ուղղված ՀՀ վարչապետին ու Ազգային ժողովի նախագահին, որտեղ հայտարարում են, որ իրենք կապ չունեն Ազգային ժողովում հնչած ստահոդ նամակի հետ, այնտեղ շահարկվում է իրենց անունը։

Իսկ թե ո՞վ է նամակի հեղինակը, Սահակ Մինասյանն ասաց. «Ուզում եմ հստակ ասել, պատգամավորի ազգանունը չեմ հիշում (ի նկատի ունի Վահե Էնֆիաջյանին Ա.Ն.), բայց նա բացառապես կապ չունի մեր բուհի հետ։ Իմ անձնական կարծիքն է, որն նա հնչեցրել է պատվիրված կամ խնդրած տեքստ։ Նույն տեքստի բովանդակությունը ես բազմիցս, որպես անստորագիր նամակներ՝ ուղղված տարբեր գերատեսչություններին, ստացել եմ, նորություն չէր, ուղղակի եթե փորձեմ հիմա ասել, թե ո՞վ է տեքստի հեղինակը կամ ո՞վ էր պատվիրել կամ խնդրել Ազգային ժողովում բարձրաձայնել պատգամավորին, սա նույնպես ինձ նման չէ։ Դուք բոլորդ լրագրողներ եք, աշխարհի բոլոր մրցանակաբաշխությունները կամ հայտնիներին դուք հարցումներով որոշում եք, նույնիսկ ֆուտբոլիստներին, թե որ ֆուտբոլիստն է ոսկե խաղակոշիկի արժանի, որը ոսկե գնդակի, դուք ինքներդ որոշեք։ Եվ կարծում եմ քաղաքականությամբ զբաղվող այն անձինք, ովքեր հավակնում են դառնալ Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, որը փոխել է 3-4 կուսակցություն և հավակնում է համագործակցել 5-րդ կուսակցության հետ և եթե հարցում անեք նաև, թե ում անձնական շահերից են բխում հարցադրումները…Բոլորդ գյումրեցի ենք, բոլորդ գիտեք, թե ինչ է կատարվում քաղաքում, ինչ է կատարվում քաղաքի ամենախոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունում»։

Ըստ նրա, վարչապետը վերահսկողական ծառայությանը ուղարկելու էր Գյումրի մագիստրատուրայի ընդունելության քննությունների կոռուպցիոն ռիսկերը ուսումնասիրելու, մինչդեռ ընդունելության քննություններ չեն եղել։

Սահակ Մինասյանի բնութագրմամբ, նամակը գրել են այն մարդիկ, որոնք աղերս չունեն կրթության ու գիտության նախարարության ընթացակարգի հետ, այլ աղերս ունեն իրենց անձնական շահերի հետ։

Նա մեկ անգամ ևս նշեց. «Նամակագիրը 4-5 կուսակցություն թռած, 6-րդ ի հետ բանակցած անձ է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31