Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ԵՄ. Ինտեգրացիայի ու հեռանկարների համեմատում

Հոկտեմբեր 27,2016 17:48

Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը ներկայացնում էին որպես «պատմական պահ»: Որքանո՞վ է այն իսկապես պատմական, արդյոք ԵԱՏՄ-ն կարող է դառնալ այնպիսի միություն ինչպիսին Եվրամիությունն է: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ զուգահեռներ տանել ԵԱՏՄ և ԵՄ միջև:

Տնտեսական հզորություն

 Եվրասիական տնտեսական միության բնակչության թիվը մոտ 179 միլիոն է, համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ-ն)՝ 1.9 տրիլիոն ԱՄՆ դոլար: Մինչդեռ Եվրոպական միության բնակչությունը 510,1 միլիոն մարդ է, իսկ ՀՆԱ-ն՝ 16.2 տրիլիոն: Առաջինը բաղկացած է 5, իսկ երկրորդը 28 անդամ-պետություններից:

untitled-1

Կոպիտ ասած՝ ԵՄ-ն ունենալով 3 անգամ ավելի շատ բնակչություն քան ԵԱՏՄ-ն, տալիս է 8,5 անգամ ավելի շատ համախառն ներքին արտադրանք: Հետևաբար ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն զգալիորեն (ավելի քան 3 անգամ) ավելի շատ է, քան ԵԱՏՄ-ում: ԵՄ-ում միջին ցուցանիշը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2015-ին 34.860 ԱՄՆ դոլարին համարժեք գումար էր:

ԵԱՏՄ երկրների դեպքում համապատասխան ցուցանիշները բացարձակապես տարբեր են: 2016-ին ԵԱՏՄ ամենահարուստ պետությունների (Ռուսաստանի և Ղազախստանի) մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքի ցուցանիշը ԵՄ ամենաաղքատ պետության (Ռումինիայի) համապատասխան ցուցանիշից զգալիորեն ցածր է: ԵԱՏՄ ամենացածր ցուցանշով երկրի՝ Ղրղզստանի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, քանի որ այնտեղ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 995 դոլար է:

untitled-2

Հետևաբար՝ թե ընդհանուր տնտեսական ներուժի և թե բնակչության տնտեսական կացության տեսանկյունից ԵԱՏՄ-ն շատ հեռու է ԵՄ-ից:

 

Արտաքին տնտեսական ինտեգրացիան որպես չափանիշ

 

Ցանկացած տնտեսական միության կարևորությունը վկայող կարևորագույն ցուցանիշներից մեկը այդ կառույցին այլ երկրների միանալու ցանկությունն է: Թեև ԵԱՏՄ ղեկավարները իրենց նպատակների մեջ հիշատակում են Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, «BRICS»-ի և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն համակարգերի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, մինչ օրս միայն Տաջիկստանն է ցանկություն հայտնել միանալու ԵԱՏՄ-ին:

Մինչդեռ ԵՄ-ին միանալու ցանկություն ունեցող երկրների թիվը զգալիորեն ավելի մեծ է՝ ընդգրկելով Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Ալբանիան, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Եվ քանի դեռ ԵՄ-ն ցանկություն չունի ընդլայնվելու՝ հաշվի առնելով արդեն իսկ բավականաչափ անդամներ ունենալը, ԵԱՏՄ ուրախ կլիներ իր կազմի մեջ տեսնել ևս մի քանի տարածաշրջանային (թեկուզ՝ սկսող տնտեսությամբ) երկիր: Ավելին՝ ԵԱՏՄ համաշխարհային տնտեսական ինտեգրացիային և առևտրին զգալիորեն խոչընդոտում են Ռուսաստանի տարաձայնությունները ԵՄ-ի հետ:

Նմանատիպ պատկեր է նաև Ազատ առևտրի գոտիների դեպքում, եթե ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի ունի միայն Վիետնամի հետ, մինչդեռ ԵՄ-ն ունի ազատ առևտուր մի շարք եվրոպական և ոչ եվրոպական երկրների հետ՝ Նորվեգիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Իսլանդիայի, Մոլդովայի, Թունիսի, Թուրքիայի և մոտ 3 տասնյակ այլ երկրների հետ: Հայաստանը ևս կարող էր լինել այս երկրների ցանկում, եթե 2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծակի չորոշեր միանալ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան տնտեսական դաշինքին՝ ԵՄ-ի փոխարեն:

 

Տնտեսական համաչափություն կամ ներքին ինտեգրացիա

 

         ԵԱՏՄ 1,9 տրիլիոն ԱՄՆ դոլար համախառն ներքին արտադրանքի առյուծի բաժինը ՌԴ-ին է պատկանում՝ 1,6 տրիլիոն, այսինքն՝ 84,2 տոկոսը: Մինչդեռ ԵՄ դեպքում նմանօրինակ ցուցանիշ գոյություն չունի: 2015-ին ԵՄ 5 ամենախոշոր տնտեսությունները (Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան) միասին կազմել էին Եվրամիության համախառն ներքին արտադրանքի 67,6 տոկոսը: Հետևաբար՝ որևէ կոնկրետ երկիր չունի բացարձակ տնտեսական գերակշռություն ԵՄ-ում: Սա նաև ամրացնում է ԵՄ երկրների դիվանագիտական կառույցների՝ փոխշահավետ եզրահանգումների գալու ներուժը՝ թույլ չտալով որևէ երկրի դառնալ իրավիճակի միանձնյա տեր (ինչպես ԵԱՏՄ դեպքում՝ Ռուսաստանն է):

Ռուսաստանի՝ իրավիճակի միանձնյա տեր լինելու հանգամանքը խոչընդոտում է ներքին առողջ ինտեգրմանը ԵԱՏՄ երկրների միջև՝ զոհասեղանի վրա դնելով փոքր երկրների՝ մասնավորապես Հայաստանի շահերը: Նմանօրինակ անհամաչափությունը վաղ թե ուշ հանգեցնելու է կամ տնտեսական աղետի, կամ էլ միության փլուզմանը:

Հեռանկարներ

Այսպիսով՝ ԵԱՏՄ-ն թե՛ ներքին և թե՛ արտաքին ինտեգրացիոն գործընթացների և թե տնտեսական հզորության տեսանկյունից թերի կառույց է՝ մշուշոտ հեռանկարով՝ հիմնականում կենտրոնացած Միջին Ասիայի, արևելքի և հեռավոր արևելքի ոչ այնքան զարգացած երկրների հետ համագործակցության զարգացման վրա:

 

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31