ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ` հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։
Լրագրողը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երեւանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին եւ հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։ Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է 2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր եւ միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը ամբողջությամբ իր փողերով է կառուցել այդ խանութները, թե՞ մասնակցություն են ունեցել նաեւ դրանց գործարկողները։ Դա հունից հանել է պատգամավոր-գործարարին, եւ նա Սիսակ Գաբրիելյանին վիրավորել է «մուտիլովշիկ» եւ «պատրաստված շպիոն» արտահայտություններով։ Ավելին՝ Ծառուկյանը հայտարարել է, թե այն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր «տոկոսների տակ է» գտնվում, լրագրողի, նրա «պատրաստողի ու ուղարկողի երեսից է»։
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք փորձում են երկրի չլուծված խնդիրները բարդել ԶԼՄ-ների ու լրագրողների վրա՝ անտեսելով իրական մեղավորներին։ Առավել եւս առաջին դեպքը չէ, երբ այդ անձինք լրատվամիջոցների ներկայացուցիչներից անհաճո հարց կամ դիտարկում լսելիս կորցնում են ինքնատիրապետումը եւ անցնում են վիրավորանքների, ինչը չի կարող վրդովմունք չառաջացնել լրագրողների շրջանում։
Կարդացեք նաև
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք Գագիկ Ծառուկյանից ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից եւ թղթակից Սիսակ Գաբրիելյանից՝ նրանց հանիրավի վիրավորելու համար եւ ապագայում բացառել նման բառապաշարով լրագրողների հետ խոսելը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ